ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը ամերիկացիների շրջանում կազմում է 39%. սա 2025 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած նրա երդմնակալությունից ի վեր նվազագույնին ամենամոտ ցուցանիշն է։ Այս մասին են վկայում դեկտեմբերի 16-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է Reuters գործակալության և Ipsos միջազգային ծառայության կողմից։

Պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի աշխատանքը հավանության է արժանացել հարցվածների 39%-ի մոտ։ Հակառակ կարծիքին է հարցման մասնակիցների 59%-ը։ Մնացածը պատասխան չեն տվել։

Ըստ ներկայացված տվյալների՝ հարցվածների միայն 33%-ն է արդյունավետ համարում Թրամփի վարչակազմի տնտեսական կառավարումը։ Դրանից դժգոհ է 58%-ը։ Միգրացիոն ոլորտին առնչվող Թրամփի որոշումներին հավանություն է տվել ռեսպոնդենտների 41%-ը, իսկ 52%-ը համաձայն չէ դրանց հետ։

Reuters-ի և Ipsos-ի կողմից պարբերաբար անցկացվող հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ամերիկյան առաջնորդի վարկանիշն իր երկրորդ նախագահական ժամկետի ողջ ընթացքում միայն մեկ անգամ է իջել 39%-ից ցածր մակարդակի։ Դա տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերին։ Նոյեմբերի 14-17-ն անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմում է 38%։ Այն առավելագույնին է հասել հունվարին. այդ ժամանակ Թրամփի աշխատանքին դրական է գնահատել հարցվածների 47%-ը։

Ipsos-ի և Reuters-ի վերջին հարցումն անցկացվել է դեկտեմբերի 12-15-ը ԱՄՆ-ի 1016 չափահաս բնակիչների շրջանում։