Տնտեսվարող սուբյեկտների կողմից բազմաթիվ ահազանգներ են ստացվում, որ ՀՀ պետական մարմինները փորձում են ձեւական նկատառումներով ծանրաբեռնել իրենց լրացուցիչ պարտավորություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Եսոյանը: «Օրինակ երեկ օգնություն ստանալու ակնկալիքով ձեռնակատեր է դիմել` նշելով, որ օրենքով սահմանված համապատասխան վճարումից հետո պետական մարմինները պահանջում են, որ նույն վճարումը կրկին կատարի»,- ասաց նա` ավելացնելով, որ նմանատիպ դեպքերը բազմաթիվ են:

Ըստ նրա` պաշտոնյաների նմանատիպ գործողությունները իրավաչափ չեն, եւ պետական մարմինների աշխատակիցները նման քայլերի են դիմում՝ մտածելով, որ ձեռնարկատերը վախի, օրենքի չիմացության պատճառով կկատարի իրենց պահանջը, իսկ երբեմն էլ որոշ պետական պաշտոնյաներ, չիմանալով օրենքի պահանջները, փորձում են առաջադրել լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ա. Եսոյանի խոսքով` նմանատիպ պահանջներով չինովնիկները դիմում են հատկապես մանր եւ միջին ձեռնարկատերերին, որոնք չունեն բարձր որակավորմամբ հաշվապահներ կամ իրավաբաններ, բայց վարչական դատարանում էլ պետական մարմինների ակտերի վիճարկման արդյունքում ակտերի կեսից ավելին օրենքին հակասող է ճանաչվում: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում հասարակության եւ մասնավորապես ձեռնարկատերերի իրավական գիտելիքների մակարդակը ցածր է, պետական մարմինների որոշ աշխատակիցներն էլ օգտվում են այդ հանգամանքից»,- նկատեց ՀԿ նախագահը` ավելացնելով, որ պետական մարմիների աշխատակիցների կողմից իրականացվող արատավոր այդ երեւույթը հաճախակիացել է հատկապես վերջին ամիսներին: «Տարվա վերջ է, պլանային առաջադրանք են կատարում հարկերը հավաքագրելու համար»,- ասաց նա:

Ա. Եսոյանի խոսքով` հնարավոր չի տեսականորեն պլանավորել, թե տնտեսվարող սուբյեկտն ինչքան հարկային պարտավություն կունենա, բայց պետական աշխատակիցները պարտավորված են հավաքագրել որոշակի չափով հարկեր: Առաջադրանքը կատարելու համար պետական հարկահավաքները դիմում են ոչ իրավաչափ, եւ անհամաչափ վարչարարական մեթոդների՝ ստիպելով ձեռնարկատերերին վճարել ոչ թե օրենքով սահմանված չափի հարկեր, այլ ավելի:

Նրա խոսքով, արատավոր պրակտիկան վերացնելու համար անհրաժեշտ է, որ ճգնաժամի պայմաններում էականորեն մեղմացվի հարկայի վարչարարությունը եւ ամրագրվի իրավական ակտերով, փոփոխվեն օրենքները, սահմանվեն ավելի մեղմ հարկային պարտավորություններ: «Եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես ազատ շուկայական հարաբերություններ, ապա պետք է նվազեցնենք պետական մարմինների միջամտությունը տնտեսական գործունեության նկատմամբ»,- նկատեց Ա. Եսոյանը` ավելացնելով, որ ներկայումս ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողոթյուն են իրականացնում չափազանց շատ վարչական մարմիններ, որոնք որոշակի սահմանափակումներ եւ լրացուցիչ խնդիրներ են առաջացնում բիզնեսի համար: