«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել Ֆինանսական գործառնությունների սահմանակումների մասին օրինագծի քվեարկությանը` փաստացի տապալելով նախագծի ընդունումը:

Օրինագծով առաջարկվում է սահմանափակել կանխիկ գործառնությունները 3 միլիոն դրամով, իսկ ավելի մեծ գումարով գործառնությունները պետք է իրականացվեն անկանխիկ:

Քվեարկությանը չմասնակցեցին 41 պատգամավորներ, այդ թվում` ԲՀԿ-ն, եւ «Ժառանգությունը», իսկ ՀՅԴ պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին:

Առաջին քվեարկությանն օրինագծին կողմ քվեարկեցին 51 պատգամավորներ, Սամվել Նիկոյանը վերաքվեարկություն իրականացրեց, որին այս անգամ կողմ էին 53 պատգամավորներ:

Կոալիցիոն գործընկերոջ այս քայլը զայրացրեց հանրապետական պատգամավորներին: Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը, Արեգ Ղուկասյանն ու Գագիկ Մինասյանն իրենց ելույթներում հայտարարում էին, որ օրինագծին դեմ քվեարկելը նշանակում է` կողմ լինել կոռուպցիային, իսկ քվեարկությանը չմասնակցելն ընդհանրապես անհասկանալի կեցվածք է:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խմբակցությունն իր դիրքորոշումն է արտահայտել` չմասնակցելով քվեարկությանը, եւ պետք չէ քաղաքականացնել հարցը: Ըստ նրա` իրենք տարբեր առիթներով դեմ են քվեարկել այնպիսի օրինագծերի, որոնք առաջարկվել են կոալիցիոն գործընկերների կողմից: