Դեկտեմբերին արժեթղթերի հայաստանյան շուկայում նկատվեց անհամեմատ բարձր ակտիվություն։ Առաջին անգամ հայաստանյան ֆինանսական շուկայում վաճառքի հանվեցին անժամկետ պարտատոմսեր, ինչն առաջացրեց իրական իրարանցում ներդրողների շրջանում։ Յունիբանկի կողմից այս նոր գործիքի թողարկման մասին հայտարարությունից ընդամենը րոպեներ անց արդեն պարզ էր, որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը:
«Անժամկետ պարտատոմսերի մեր երեք թողարկումներից յուրաքանչյուրը սպառվեց հաշված օրերի ընթացքում՝ էապես գերազանցելով մեր սպասումները։ Ընդհանուր առմամբ մենք տեղաբաշխեցինք 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսեր, սակայն այս գործիքի նկատմամբ ձևավորված բարձր պահանջարկի և մեծ աժիոտաժի պայմաններում բազմաթիվ հաճախորդներ պարզապես չհասցրեցին մասնակցել տեղաբաշխմանը և օգտվել այդ հնարավորությունից։ Այնպես որ, մեր հաճախորդների առկա պահանջարկը բավարարելու համար, կարծում եմ, 2026 թվականի երկրորդ կիսամյակում ևս կունենանք անժամկետ պարտատոմսերի թողարկում»,– նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ անժամկետ պարտատոմսերն առաջին անգամ էին թողարկվում Հայաստանում, և դրանց նման արագ տեղաբաշխումը հստակ վկայում է հասարակության բարձր հետաքրքրության մասին նոր, երկարաժամկետ ներդրումային գործիքների նկատմամբ, ինչպես նաև Յունիբանկի հանդեպ առկա բարձր վստահության մասին։

Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմեց 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 8.3%։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ 90-օրյա SOFR տոկոսադրույքի հիման վրա: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։
«Վաղուց հասունացած էր մեր շուկայում անժամկետ պարտատոմսեր ունենալու պահը, որի շուրջ վերջին մի քանի տարիների ընթացքում հատկապես ակտիվ քննարկումներ էին ընթանում, և պատահական չէ, որ ԿԲ-ի կողմից համապատասխան կարգավորումներն ապահովելուց հետո շուկան բավական կարճ ժամկետում արձագանքեց, և ահա ունենք այդպիսի պարտատոմսերի առաջին հաջողված թողարկումն ու տեղաբաշխումը։ Սա հերթական դրական ազդակն է, որ մեր երկրի ֆինանսական շուկան վերափոխվել է և այժմ, առավել քան երբևէ, պատրաստ է զարգացման նոր և ավելի արագ տեմպերի»,- նշեց «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:
Նրա խոսքով՝ պարտատոմսերի այս տեսակը մտածողության փոփոխություն է բերում, երբ շրջանառության ժամկետով սահմանափակված չլինելով՝ ներդրողներն ապավինելու են շուկայի իրացվելիությանը, որն այս արժեթղթերի դեպքում առավել կարևոր է։
Շուկայում ակտիվության աճը վերջին տարիներին իսկապես այն հասցրել է որակական նոր մակարդակի, այդ թվում նաև՝ ներդրողների բազայի աճի տեսանկյունից։ Չնայած շուկայում ներդրողների և ներդրումային հաշիվներ ունեցող անձանց քանակի տեսանկյունից դեռ ամբողջ ներուժը լիարժեք իրացված չէ, այնուամենայնիվ, հստակ տեսանելի է, որ գրավիչ առաջարկներին շուկան արագ է արձագանքում, և արդեն իսկ ունենք պատրաստ, իրազեկ և երկարաժամկետ ռազմավարությամբ ներդրողների շրջանակ։ Անժամկետ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրություն դրսևորեցին ոչ միայն անհատ ներդրողները, այլ նաև՝ ներդրումային ֆոնդերը:
«Նախ պետք է արժանին մատուցել Յունիբանկին, որ բավական գրավիչ առաջարկով հանդես եկավ շուկայում, իսկ շուկան էլ պատշաճ արձագանքեց։ Այս գործիքը սպասված էր, և Յունիբանկի առաջարկն էլ՝ բավականին հետաքրքիր, ուստի արդյունքներն էլ երկար սպասեցնել չտվեցին: Յունիբանկն իր ուրույն հետագիծն ունի մեր ֆինանսական շուկայում և հաճախորդների բավականին կայուն և հավատարիմ բազա։ Միաժամանակ մեր շուկայի նկատմամբ ներդրողների վստահության մակարդակն է նկատելիորեն աճել վերջին տարիների ընթացքում։ Յունիբանկի անժամկետ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումն այս երկու հանգամանքների հաջող համադրման օրինակն է»,- ասաց ՖԻՆԱՐՄԻ-ի գործադիր տնօրենը:
Յունիբանկը լինելով ֆոնդային բորսայի ամենաակտիվ և առաջատար մասնակիցներից մեկը՝ մինչ օրս հաջողությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 29 թողարկում: Նոր ներդրումային գործիքը` անժամկետ պարտատոմսերը հնարավորություն են տալիս ստանալու կանխատեսելի և կանոնավոր եկամուտ երկարաժամկետ հեռանկարում:
«Բազմիցս նշել եմ, որ մեր տեսլականն է զարգացնել տեղական ֆինանսական շուկան և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ազատ ներդրումներ են կատարում։ Յունիբանկը հաջողությամբ իրականացնում է այդ բարդ գործը՝ բացելով նոր դռներ հայ ներդրողների առաջ։ Մենք ուրախ ենք լինելու այդ փոփոխության մի մասնիկը և շարունակելու արդեն սկսված պատասխանատու գործը»,- նշեց ISIN - AMUNIBB2UER0 և ISIN - AMUNIBBM1ER9 թողարկումների մարքեթ-մեյքեր՝ Սիրիուս Կապիտալ ներդումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը:
«Շատ հարցերում առաջամարտիկ լինելու՝ Յունիբանկի դիրքավորումը շուկայում մեծապես պայմանավորված է բանկի գլխավոր բաժնետերերի տեսլականով, ինչպես նաև այդ տեսլականին համապատասխան գործելու մենեջմենթի կարողությամբ։ Յունիբանկն առաջին բանկերից էր, որն իր բաժնետոմսերը ցուցակեց բորսայում, առաջինը թողարկեց ստորադաս պարտատոմսեր և այժմ նաև առաջինը հանդես եկավ անժամկետ պարտատոմսերի հրապարակային առաջարկով։ Նոր բան փորձելուց չվախենալն ամենակարևոր և առանցքային հատկանիշն է ժամանակակից բիզնես միջավայրում հաջողություններ գրանցելու համար, և Յունիբանկի անցած ուղին դրա վառ վկայությունն է»,- ընդգծեց Կարեն Զաքարյանը:





























