Կոլումբիայի իշխանությունները երկրում տնտեսական արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ հանրապետության Կոնգրեսը մերժել է ֆինանսավորման մասին օրենքը։ Այս մասին հայտնի է համապատասխան հրամանագրից։

Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարար Գերման Ավիլա Պլասասը հայտարարել է, որ Կոլումբիայի կառավարությունը դիտարկում է տնտեսական արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու հնարավորությունը՝ Կոնգրեսի կողմից ֆինանսավորման օրենքը մերժելուց հետո։

«Սույնով արտակարգ իրավիճակ է հայտարարվում տնտեսական ոլորտում՝ երկրի ամբողջ տարածքում գործող երեսուն օրացուցային օր ժամկետով՝ հաշված հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո», - ասված է հրամանագրում:

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունն ավելի վաղ առաջարկել էր հարկային բարեփոխում կատարել, որպեսզի լրացուցիչ մոտ 2,5-3 միլիարդ դոլար հավաքագրի, որոնք անհրաժեշտ են բյուջետային ծախսերը ծածկելու համար։ Սակայն Կոլումբիայի Սենատը դեկտեմբերի սկզբին մերժել է այդ բարեփոխումը։

Emergencia económica-ն տնտեսական արտակարգ դրությունը՝ սահմանադրական մեխանիզմ է, որը թույլ է տալիս Կոլումբիայի նախագահին  մինչև 30 օր ժամկետով հրամանագրեր արձակել առանց խորհրդարանի հաստատման՝ տարեկան մինչև 90 օր երկարաձգման հնարավորությամբ։ Նախկինում այն բազմիցս կիրառվել է։ Վերջին անգամ դա կապված է եղել կորոնավիրուսի հետ։