Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև երկարատև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ երկու երկրի առաջնորդները մանրամասն մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և միջազգային իրավիճակի, մասնավորապես՝ Ուկրաինայի վերաբերյալ։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատեց իր հանձնառությունը այս տարվա նոյեմբերին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը։
Մեր պետության ղեկավարը շեշտեց ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերակա է և պահանջում է փոխզիջումներ երկու կողմից էլ՝ հաշվի առնելով տեղում առկա իրական իրավիճակը։
Հետևաբար, Ղազախստանը կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերելու համբերություն, ճկունություն և պրոֆեսիոնալիզմ և շարունակելու խաղաղության բանաձևի որոնումները։ Միևնույն ժամանակ, մեր երկիրը միջնորդ չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրելու բանակցային հարթակ՝ բարի կամքի ոգով։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշեց Ամերիկայի նախագահի ակնառու առաջնորդական որակները, որոնք նրան թույլ տվեցին վերջ դնել մի քանի միջազգային ռազմական հակամարտությունների և դրական արդյունքների հասնել Միացյալ Նահանգների ներքին ներուժի ամրապնդման գործում։
Եզրափակելով՝ պետության ղեկավարը Դոնալդ Թրամփին հրավիրեց այցելել Ղազախստան իրեն հարմար ժամանակ և վստահություն հայտնեց, որ այս իրադարձությունը պատմական կլինի»,- ասվում է Տոկաևի մամուլի ծառայության հայտարարության մեջ։





























