Նոյեմբերի 26-27-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա էլեկտրոկապի միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպում:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին ԱՊՀ անդամ երկրների մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ կմասնակցի բարձր մակարդակով անցկացվելիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպումը հնարավորություն կընձեռի պետական եւ մասնավոր հատվածի ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կառույցներին հաստատելու նոր գործնական հարաբերություններ:

էլեկտրոկապի միջազգային միության ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպման նպատակը մարդկային, ֆինանսական եւ տեխնիկական ռեսուրսերի մոբիլիզացումն է` տարածաշրջանում թվային ենթակառուցվածքների եւ ծառայությունների արագ անցման համար, ինչը մեծ նշանակություն ունի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Նշենք, որ էլեկտրոկապի միջազգային միությունը կապի եւ ծառայությունների զարգացման համար հանդիսանում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոորդինացիոն կենտրոն եւ իր պատմության 145 տարիների ընթացքում կոորդինացրել է ռադիոհաճախականությունների համատեղ օգտագործումը, ստեղծել համաշխարհային ստանդարտներ եւ այլն: