Բանկերը շատ զգուշությամբ են վերաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վարկավորմանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ ոլորտը բանկերից մեծ ակնկալիքներ չունի։ «Համաշխարհային բանկի հետ համատեղ՝ էկոնոմիկայի նախարարությունը մոդել է մշակում Հայաստանում վենչուրային հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ամբողջ աշխարհում վարկավորում են այս հիմնադրամները, որոնք միանգամից մեծ գումարներ են ներդնում՝ ակնկալելով, որ խոշոր եկամուտ կապահովեն։
Բ. Ենգիբարյանի խոսքով՝ բանկերի չափազանց զգուշավորությունը ՏՏ ոլորտի նկատմամբ հասկանալի է։ Տեղեկատվական տեխնելոգիաների ոլորտը ռիսկային է, իսկ բանկերը, հատկապես ճգնաժամի պարագայում, փորձում են խոսափել ռիսկերից։ Վենչուրային հիմնադրամները աշխատում են հենց ռիսկային ոլորտում, որտեղ բացի ռիսկերից, մեծ է նաեւ արագ եւ մեծ եկամուտներ ստանալու հնարավորությունը։ Ըստ նրա՝ վենչուրային հիմնադրամները ֆինանսավորման ծրագրի հավանության դեպքում միանգամից 1 մլն դոլար են ներդնում, բայց վստահում են շուկայում արդեն կայացած ընկերություններին։ «Այլ կերպ Հայաստանում ոլորտը կայացնելն անհնար է, բայց սա էլ բավարար չէ, որովհետեւ վենչուրային հիմնադրամը 1 միլիոն դոլար չի վստահի նորաստեղծ ընկերությանը»,- նշեց Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ նորաստեղծ ընկերություններին ֆինանսավորելու համար կստեղծվեն ավելի քիչ ֆինանսական միջոցներ ներդնող հիմնադրամներ, կամ ստեղծվող վենչուրային հիմնադրամը խառը ֆինանսավորում կիրականացնի, այսինքն՝ գումարներ կտա ե՛ւ խոշորներին, ե՛ւ մանր ու նորաստեղծ ընկերություններին։


























