Տարին նշանավորվեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին պաշտոնանկ անելու բազմաթիվ, թեև անհաջող փորձերով, հայտնում է Euronews-ը։ Այնուհետև ձևավորվեց պահպանողականների և ծայրահեղ աջերի (թեկուզ ոչ պաշտոնական) դաշինքը, որը կարող է ճանապարհ հարթել նոր աջերի համար՝ 2027 թվականին Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում կայանալիք համապետական ընտրությունների նախաշեմին։

2025-ին Եվրախորհրդարանն անցավ միգրացիայի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիրքորոշման, կրկնապատկեց ջանքերը բյուրոկրատական քաշքշուկների և կարգավորումների պարզեցման ուղղությամբ՝ եվրոպական արդյունաբերությանն աջակցելու համար, և ավելի հեռացավ նշանակալի Green Deal նախագծից։

1. Կոռուպցիոն նոր սկանդալի ստվերը խորհրդարանի վրա

Մարտին Եվրախորհրդարանը ցնցվեց հակակոռուպցիոն հետաքննությունից։ Բելգիացի դատախազները քննում էին եվրապատգամավորների և նրանց օգնականների ենթադրյալ դավադրությունը չինական տեխնոլոգիական Հուավեյ (Huawei) ընկերության հետ։

Մեղադրող կողմը պնդում էր, որ ընկերության լոբբիստները կաշառել են պատգամավորներին՝ որոշումների կայացման վրա ազդելու համար։ Խոսքը նվերների, վճարված ծախսերի և ֆուտբոլային խաղերի պարբերական հրավերների մասին էր։ Ութ անձի մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ կոռուպցիայի, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցության համար։ Դատախազները նաև խնդրել են հանել Իտալիայի, Բուլղարիայի և Մալթայի չորս օրենսդիրների անձեռնմխելիությունը։ Վերջիններս հերքել են մեղադրանքները:

Խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովը շարունակում է քննարկել այս չորս գործերը, իսկ անձեռնմխելիությունը հանելու կամ պահպանելու մասին որոշումը կկայացվի 2026 թվականի առաջին ամիսներին։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանն արգելել է Huawei-ի լոբբիստներին այցելել Բրյուսելի, Ստրասբուրգի և Լյուքսեմբուրգի իր գրասենյակներ։

2. Ֆոն դեր Լայենի հանձնաժողովը վերապրեց անվստահության քվեն

Եվրախորհրդարանի անդամները երեք անգամ փորձել են տապալել Եվրահանձնաժողովի ներկայիս կազմը՝ մեկը մյուսի հետևից անվստահության քվե ներկայացնելով, ինչն աննախադեպ դեպք է: Նման քվեի հաստատման համար պահանջվում է պատգամավորների ձայների առնվազն երկու երրորդը։ Շեմը բարձր է, և այն չի հաղթահարվել երեք քվեարկություններից ոչ մեկի ժամանակ։

Սակայն կարևոր է հենց ազդակը։ Խոսքը խորհրդարանի անհնազանդ կազմի մասին է՝ նույնիսկ դրա պահպանողական թևում։ Ինչպես նշել է աղբյուրներից մեկը, օրենսդիրները ցույց են տվել իրենց «ատամները», իսկ ֆոն դեր Լայենին հաջողվել է ապացուցել, որ այսօր Եվրահանձնաժողովում իր առաջնորդությանն այլընտրանք չկա։

3. Մադյարն ու Սալիսը հաղթում են Հունգարիայի դատական համակարգի հետ պայքարում

Հունգարական ընդդիմադիր «Տիսա» (Tisza) կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, հունգարացի սոցիալիստ օրենսդիր Կլարա Դոբրևը և իտալացի ձախակողմյան Իլարիա Սալիսը հայտնվել են հունգարական դատական մարմինների տեսադաշտում՝ տարբեր հայցերով, սակայն մնացել են ԵՄ խորհրդարանական անձեռնմխելիության պաշտպանության ներքո։

Բուդապեշտը Եվրախորհրդարանից խնդրել էր հանել այս քաղաքական գործիչների անձեռնմխելիությունը՝ նրանց մեղադրելով անկարգություններ կազմակերպելու, զրպարտության և հարձակումների մեջ։ Դոբրևն ու Մադյարը հայտարարել են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Առանձնահատուկ է Իտալիայից եվրապատգամավոր Իլարիա Սալիսի պատմությունը, որը ձերբակալվել էր 2023 թվականի փետրվարին Բուդապեշտում՝ նեոնացիստական ցույցի մասնակիցների վրա հարձակվելու մեղադրանքով։ Նա ավելի քան մեկ տարի անցկացրել էր հունգարական բանտում, 2024 թվականի գարնանը Սալիսին տեղափոխել էին տնային կալանքի։ Կնոջն ազատ են արձակել 2024 թվականին Եվրախորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո։ 2025 թվականի հոկտեմբերին պատգամավորները ձայների նվազագույն առավելությամբ քվեարկեցին Սալիսի խորհրդարանական անձեռնմխելիությունը չհանելու օգտին։

4. Վտանգավոր կապեր

Այս տարին նշանավորվեց նաև ավանդական մեծամասնությանն այլընտրանքի ի հայտ գալով. խոսքը Եվրախորհրդարանում պահպանողականների, սոցիալիստների և լիբերալների դաշինքի մասին է, որոնց հաճախ ներկայացնում են որպես եվրաօպտիմիստների և իրավունքի գերակայության կողմնակիցների։

Առանձին դեպքերում խորհրդարանի ամենամեծ խումբը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» (ԵԺԿ), հրաժարվել է իր ավանդական դաշնակիցներից՝ օրենքներն առաջ մղելու համար աջ և նույնիսկ ծայրահեղ աջ թևի ձայների օգնությամբ՝ «Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» ու «Ինքնիշխան ազգերի Եվրոպա» խմբակցությունների հետ:

Ոչ պաշտոնական դաշինքը ԵԺԿ-ին օգուտ բերեց միգրացիայի և էկոլոգիայի հարցերի քվեարկության ժամանակ։ Գործընկերության օրինակներից մեկը Omnibus I օրենսդրական փաթեթն էր, որն առաջարկել էր Հանձնաժողովը՝ եվրոպական բիզնեսին աջակցելու համար։

Փաթեթը մեղմացրեց պատշաճ ուշադրության մասին ԵՄ օրենքը, որը ընկերություններին պարտավորեցնում էր գնահատել իրենց մատակարարման շղթաները հնարավոր բնապահպանական և աշխատանքային խախտումների տեսանկյունից։ Այժմ այն կկիրառվի միայն 5000-ից ավելի աշխատակից և 1,5 միլիարդ եվրոյից սկսած տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների նկատմամբ (նախկին 1000 աշխատակցի և 450 միլիոն եվրո շրջանառության փոխարեն):

5. Ավելի կոշտ դիրքորոշում անօրինական միգրացիայի նկատմամբ

Դեկտեմբերը նշանավորվեց նաև խորհրդարանի կողմից միգրացիայի հետ կապված առանցքային փաստաթղթերի հապշտապ հաստատմամբ: Ստրասբուրգում կայացած եզրափակիչ լիագումար նիստում պատգամավորները հավանություն տվեցին «անվտանգ երրորդ երկրի» հայեցակարգի փոփոխությանը՝ ընդլայնելով այն հանգամանքների շրջանակը, որոնց դեպքում Եվրոպայում ապաստան ստանալու հայցերը կարող են մերժվել։ Սա ԵՄ երկրներին թույլ կտա ապաստան հայցողներին արտաքսել երրորդ երկրներ, նույնիսկ եթե նրանք դրանց հետ կապ չունեն։

Ընդունված մյուս օրենսդրական նախագիծը «ծագման անվտանգ երկրների» նոր ցանկն էր. դրանում այժմ ներառված են Բանգլադեշը, Կոլումբիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Կոսովոն, Մարոկկոն և Թունիսը, ինչպես նաև ԵՄ անդամակցության բոլոր թեկնածուները, բացի Ուկրաինայից։ Այս երկրներից ԵՄ-ում հաստատվել ցանկացող հայցողների ընտրությունը կանցնի արագացված ընթացակարգերով։

Միգրացիայի հարցում խորհրդարանի և Եվրոպական խորհրդի դիրքորոշումները համընկնում են, ինչը վկայում է Եվրոպայում անօրինական միգրացիայի նկատմամբ ավելի կոշտ գծի անցման մասին։