Մամուռը, որը թվում է՝ աննշան և փոքր բույս է, կարող է դառնալ քրեագիտության մեջ ապացույցների անսպասելի թանկարժեք աղբյուր՝ օգնելով բացահայտել հանցագործություններն ու մատնանշել դրանց կատարման ստույգ վայրը։ Չնայած մանր չափերին (մամուռների շատ տեսակներ մարդու մազից բարակ են), այս բույսերն ունեն բացառիկ հատկություն. յուրաքանչյուր տեսակ նախընտրում է խիստ որոշակի միկրոմիջավայր։

Սա նշանակում է, որ հագուստի, կոշիկի կամ առարկաների վրա հայտնաբերված մամուռի փոքրիկ մասնիկները կարող են քննիչներին պատմել այն ստույգ վայրի մասին, որտեղ եղել է մարդը կամ որտեղ կարող էր կատարված լինել հանցագործությունը։ Մամուռի՝ յուրօրինակ «բուսաբանական մատնահետք» լինելու այս ունակությունն այն հատկապես օգտակար է դարձնում քրեագետների համար, որոնք հաճախ փնտրում են ցանկացած հնարավոր ապացույց՝ հանցագործության վարկածները հաստատելու կամ հերքելու համար։

Չիկագոյի Field Museum-ի գիտնականներն իրականացրել են ավելի քան 150 տարվա պատմական վերլուծություն և պարզել, որ մամուռն արդեն իսկ օգնել է տարբեր երկրներում բազմաթիվ գործերի լուծմանը։ Նման դեպքերից մեկում մամուռի մասնիկների հետազոտությունը քննիչներին տարել է հենց այն վայրը, որտեղ թաղված էր երեխան՝ դառնալով ապացուցողական բազայի առանցքային տարր։

Սա ոգեշնչել է հետազոտական թիմին՝ Forensic Sciences Research ամսագրում պատրաստելու ակնարկային հոդված, որտեղ ընդգծվում է բուսաբանական նյութի՝ որպես ապացույցի կարևորությունը։ Այն հաճախ աննկատ է մնում, քանի որ մասնագետները պարզապես չգիտեն՝ ինչ փնտրել։

Մամուռների հիմնական արժեքը շրջակա միջավայրի նկատմամբ նրանց զգայունությունն ու միկրոբնակավայրերի բացառիկությունն է։ Մամուռները պատկանում են բրիոֆիտներ կոչվող բույսերի խմբին, որոնք չունեն իսկական ցողուններ, տերևներ, արմատներ կամ սերմեր, սակայն ընդունակ են անմիջապես շրջակա միջավայրից կլանել ջուրն ու սննդանյութերը։

Սա թույլ է տալիս նրանց գոյատևել շատ այլ բույսերի համար ոչ պիտանի պայմաններում և դարձնում է այն վայրի ստույգ պայմանների հատկապես օգտակար ցուցիչներ, որտեղ դրանք աճել են։ Օրինակ՝ բրիոֆիտների որոշակի տեսակներ կարող են աճել միայն ստվերում, խոնավ մակերեսի վրա կամ բուսական ծածկույթի որոշակի տեսակների տակ, ինչը քրեագետներին հնարավորություն է տալիս վերականգնել կասկածյալի կամ տուժողի տեղաշարժի երթուղին։

Հետազոտողները կարծում են, որ բուսաբանական ապացույցները, օրինակ՝ մամուռը, պետք է արժանանան իրավապահ մարմինների մեծ ուշադրությանը, քանի որ դրանք կարող են լրացնել վերլուծության ավանդական մեթոդները և զգալիորեն ընդլայնել դատաբժշկական քրեագիտության մեջ առկա ապացույցների զինանոցը։