Անհայտ թրեյդերը (շուկայի ներկա իրավիճակի վերլուծություն անող և առևտրային գործարքներ կնքող -խմբ.) ավելի քան 436 հազար դոլար է վաստակել կանխատեսումների շուկայում՝ խաղադրույք կատարելով, որ ԱՄՆ ուժերը կձերբակալեն Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ինչը հարցեր է առաջացնում խաղադրույքի ժամկետների և առցանց ֆյուչերսային առևտրային հարթակների ամբողջականության վերաբերյալ, հաղորդում է CBS News-ը։

Polymarket կրիպտոարժույթների շուկայի անանուն օգտատերը շահել է վճարում՝ Մադուրոյի տապալման վրա մոտ 32 հազար դոլար խաղադրույք կատարելով՝ Մադուրոյի տապալման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից անմիջապես առաջ։

Իրավաբանական և ֆինանսական փորձագետները CBS News-ին հայտնել են, որ ռիսկային խաղադրույքը հարցեր է առաջացնում անանուն խաղացողի ինքնության և ներքին տեղեկատվությանը հնարավոր հասանելիության վերաբերյալ՝ Մադուրոյին և նրա կնոջը բռնելու ԱՄՆ գործողությունից առաջ։

Polymarket-ը՝ Նյու Յորքում գործող կրիպտոարժույթների կանխատեսումների շուկան, որը վերջերս 2 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ստացել Intercontinental Exchange ֆոնդային բորսայի օպերատորից, այժմ ձգտում է կարգավորող մարմինների հաստատմանը Միացյալ Նահանգներում։

Polymarket-ի հաշվի տեր, որը, ըստ երևույթին, միացել է առևտրային հարթակին դեկտեմբերին, 32 հազար 537 դոլար խաղադրույք է կատարել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը Մադուրոյի «պաշտոնը թողնելու» հավանականության վրա։

Փորձագետների կարծիքով՝ մի քանի ցուցանիշներ վկայում են, որ խաղադրույք կատարողը, հնարավոր է, հասանելիություն է ունեցել Մադուրոյին բռնելու ԱՄՆ գործողությանն առնչվող գաղտնի տեղեկատվությանը։