Միացյալ Նահանգների «Սիլիկոնային հովտում» Հայաստանի գրասենյակը կբացվի մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ գրասենյակը զբաղվելու է ոչ միայն ՏՏ ոլորտի, այլեւ Հայաստանում ծրագրված բարձր տեխնոլոգիական արտադրանքը ներկայացնելու ուղղությամբ։ «Այսօր առանց նման գրասենյակների հնարավոր չէ արտադրանքի լավ իրացում ապահովել, քանի որ մենք պետք է մեր արտադրանքը ներկայացնենք շուկայում»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանն արդեն երկու նմանատիպ գրասենյակներ ունի Ավստրիայում եւ Կանադայում, որոնք գործում են հաջողությամբ։
Ըստ նրա՝ հաջորդ գրասենյակը անհրաժեշտ է բացել Ռուսաստանում, որովհետեւ այդ երկիրը հսկայական շուկա ունի, եւ բացի դրանից՝ այնտեղ պետական մակարդակով բազմիցս հյատարարվել է, որ տնտեսությունը պետք է բարեփոխվի եւ նորացվի տեղեկատվական տեխնոլոգիաներով։ «Անշուշտ Ռուսաստանում կան շատ ընկերություններ, որոնք փայլուն արդյունք են ցույց տալիս եւ հայտնի են ամբողջ աշխարհում, բայց հայկական ընկերություններն այնտեղ, վստահ եմ, շուկա կգտնեն»,- նկատեց նա։
Բ. Ենգիբարյանի համոզմամբ՝ Հայաստանի մասնագետներն այսօր այնպիսի ծրագրեր են ստեղծում, որ դրանց ներդրման համար ոչ նպատակադրվածություն կա պետության կողմից, ոչ էլ հնարավորություն։ «Պետությունը ոլորտի կայացմանը պետք է աջակցի եւ օգնի, որ միջազգային շուկայում կարողանան իրացնել արտադրանքը, բայց պետք է նաեւ տեղում փորձել դրանք կիրառել»,- նշեց Ենգիբարյանը՝ ավելացնելով, որ այժմ փորձ է արվում ինժեներական լուծումներ տալ հայրենական ՏՏ ծրագրերին։ «Այսինք, կա ծրագիր որով հնարավոր է, ենթադրենք, ռոբոտ կառավարել, բայց այդ ռոբոտի կառուցման համար ինժեներական միտք է պետք, եւ այժմ փորձ է արվում հավաքագրել խելացի մասնագետներին, որպեսզի եղած ծրագրերի հիման վրա Հայաստանում զարգանան նաեւ բարձր տեխնոլոգիական գիտությունները»,- ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրենը՝ նշելով, որ ՏՏ ոլորտը հնարավոր է դառնա տնտեսության այն ճյուղը, որի զարգացման միջոցով աշխուժանան նաեւ տնտեսության մյուս հատվածները։


























