Ամենամյա համահայկական հեռուստամարաթոնի շրջանակներում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը ԱՄՆ:
Ինչպես հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 22-ին Արա Հարությունյանը հանդիպումներ է ունեցել բարեգործներ Լեւոն եւ Աշխեն Արսենյանների, Գեւորգ Ոսկանյանի եւ Ռաֆիկ Խաչատրյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախում իրացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր: Արա Հարությունյանը բարեգործներին երախտագիտություն է հայտնել նրանց կողմից համակողմանի աջակցության համար՝ նկատելով, թե հայրենասիրության նման դրսեւորումները ոգեշնչում եւ նոր ուժ են տալիս արցախցիներին:
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2009»-ին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի հասարակական եւ բիզնես-շրջանակների մոտ 350 ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում Արա Հարությունյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Մարտիրոսյանն ընդգծել են համահայկական միասնության ամրացումը, համատեղ ուժերով համազգային խնդիրների լուծումը, Շուշի քաղաքի վերականգնման եւ զարգացման անհրաժեշտությունը:



























