Ամերիկյան նավթային ընկերությունները ցանկանում են Վաշինգտոնից ամուր իրավական և ֆինանսական երաշխիքներ ստանալ՝ Վենեսուելայում խոշոր ներդրումներ կատարելուց առաջ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում նրանց աջակցել էներգետիկ շուկաները բարեփոխելու իր ջանքերին, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ առաջատար էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում փոխանցել է Թրամփի ուղերձն այն մասին, որ ամերիկյան խոշորագույն նավթային խմբերը պետք է միլիարդավոր դոլարներ ներդնեն Վենեսուելայի տուժած էներգետիկ ոլորտում, գրում է թերթը։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, լատինամերիկյան երկրի նավթային հատվածի վերակենդանացման Թրամփի ծրագիրն արդեն իսկ արժանացել է ամերիկացի ղեկավարների թերահավատությանը։ Նրանք հայտարարել են, որ քաղաքական և իրավական ռիսկերը՝ նավթի ցածր գների հետ մեկտեղ, խոչընդոտներ են, որոնք պետական աջակցություն են պահանջում խոշոր նախագծերի համար։
«Խոշոր խաղացողներին Վենեսուելա վերադարձնելու համար կառավարությունը պետք է լուրջ երաշխիքներ և ժամանակ տրամադրի իրական ներդրումներ տեսնելու համար՝ երկիր մտնելու և արդյունահանումն ավելացնելու նպատակով»,- FT-ն մեջբերում է ամերիկյան խոշոր էներգետիկ ընկերություններից մեկի բարձրաստիճան ղեկավարի խոսքերը։
TWG Global ներդրումային խմբի կառավարիչ գործընկեր Ամոս Հոխշտեյնն ընդգծել է, որ Վենեսուելայում ներդրումները կապված են բազմազան ռիսկերի հետ, իսկ Kimmeridge էներգետիկ ներդրումային խմբի համահիմնադիր Նիլ Մաքմահոնը նշել է, որ ամերիկյան ընկերությունները վարչակազմից պաշտոնական ֆինանսական երաշխիքներ կպահանջեն, գրում է պարբերականը։
Առաջատար մասնավոր ներդրողներից մեկը, ում խոսքերը մեջբերում է թերթը, հայտարարել է, որ Վենեսուելան «այնքան ռիսկային է միջոցներ ներդնելու համար, որքան հնարավոր է ընդհանրապես», հետևաբար «կառավարությունը պետք է երաշխավորի մասնավոր ներդրումների անվտանգությունը», քանի որ առանց նման երաշխիքների «ոչ մի ներդրող կամ բաժնետեր ունեցող հանրային ընկերություն չի կարողանա իր կապիտալը ներդնել այդ երկրում»։
Ակնկալվում է, որ ամերիկյան խոշորագույն նավթային խմբերի, այդ թվում՝ Chevron-ի, ExxonMobil-ի և ConocoPhillips-ի ղեկավարները ուրբաթ օրը Սպիտակ տանը կհանդիպեն Թրամփի հետ՝ հետագա գործողությունները քննարկելու և համակարգելու համար, գրում է պարբերականը։



























