Առցանց կամ նույնիսկ ընտանեկան չաթում կեղծ կամ մոլորեցնող տեղեկության բախվելիս, օրինակ, շատերի բնազդային արձագանքն է այն փաստերով հերքելու փորձը. վիճակագրություն մեջբերելը, սոցիալական ցանցերում հերքող գրառում հրապարակելը կամ ստուգված աղբյուրին հղում անելը, գրում է The Conversation-ը։
Թեև փաստերի ստուգումը համարվում է ապատեղեկատվության դեմ պայքարի ստանդարտ միջոց, գործնականում այն հաճախ արդյունավետ չի լինում։ Տվյալները ցույց են տալիս, որ մարդիկ առասպելները հերքող լրագրողներինավելի քիչ են վստահում , քան նրանց, ովքեր պարզապես հաստատում են պնդումները, իսկ հերքումն էլ կարող է ակամա կրկնել սուտն ու այն ավելի լայնորեն տարածել։
Մեդիա հետազոտող Ալիս Մարվիկը բացատրում է, որ ապատեղեկատվությունը պարզապես բովանդակության հարց չէ, այլ երեք փոխկապակցված գործոնների բարդ համադրություն. հաղորդագրության բովանդակությունը, այն տարածող մարդկանց անձնական համատեքստը և տեխնոլոգիական ենթակառուցվածքը, որը մեծացնում է դրա տարածումը։
Նախ, մարդկանց համար հոգեբանորեն ավելի հեշտ է տեղեկությունն ընդունելը, քան մերժելը, հատկապես, երբ այն հուզականորեն արձագանք է գտնում կամ արտացոլում է գոյություն ունեցող համոզմունքները։ Ապատեղեկատվությունը հաճախ դիմում է «խորիմաստ պատմությունների»՝ հուզական պատումների, որոնք բացատրում են անձի քաղաքական կամ սոցիալական հայացքները՝ նույնիսկ պարզեցված ձևով։
Երկրորդ, երբ կեղծ պնդումները համապատասխանում են անձի արժեքներին, համոզմունքներին կամ գաղափարախոսությանը, դրանք կարող են արագ արմատավորվել և դառնալ «գիտելիք», որը դժվար է հերքել։ Այս վարքագիծը հաճախ ծառայում է որպես խմբի անդամ լինելու ազդանշան, այլ ոչ թե ճշգրտելու ձգտում։
Երրորդ, ներգրավվածության վրա հիմնված ալգորիթմներով կառուցված սոցիալական մեդիան և հարթակներն ուժեղացնում են հուզականորեն լիցքավորված բովանդակությունը (զայրույթ, վախ, վրդովմունք), քանի որ այն ստանում է ավելի շատ հավանումներ, տարածումներ և մեկնաբանություններ։ Սա ապատեղեկատվության տարածումն ավելի արագ և ավելի լայն է դարձնում։
Արդյունքում, ապատեղեկատվության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն փաստերի ստուգմամբ։ Հեղինակներն ընդգծում են, որ խնդիրն արդյունավետորեն լուծելու համար պետք է փոխել ապատեղեկատվության տարածումը խթանող հարթակների կառուցվածքային գործոնները, ինչպես նաև սոցիալական նորմերը և կեղծիք տարածողների դրդապատճառների ըմբռնումը։
Եթե շարունակենք ապատեղեկատվությունը ընկալել որպես «ճշմարտության և ստի» միջև պարզ հակամարտություն, անընդհատ կպարտվենք, քանի որ ապատեղեկատվությունը ծաղկում է հուզական, սոցիալական և տեխնոլոգիական այն պայմանների շնորհիվ, որոնք այդ ապատեղեկատվությունը մարդկանց համար արդիական և գրավիչ են դարձնում։




























