Սիրիայում արագորեն փլուզվում է այն «մոխրագույն գոտին», որը երկար տարիներ SDF-ին հնարավորություն էր տալիս ապրել որպես քվազիպետություն՝ վերահսկել հյուսիսն ու արևելքը, ունենալ սեփական ուժային կառույցներ, ռեսուրսներ հավաքել և միևնույն ժամանակ չենթարկվել Դամասկոսին: Այս մասին գրում է «Кремлевский шептун» Telegram-ալիքը:

Ըստ ռեսուրսի, այժմ մի քանի գործոններ միաժամանակ վերածվել են մեկ հարվածի․

  1. Ռազմական․ Հալեպի քրդական շրջանների կորստից հետո կառավարական ուժերը համակարգված հարձակում են սկսել շփման ողջ գծով․ վերցրել են Տաբկան և Եփրատի հիմնական պատնեշները, քրդերին հետ են մղել դեպի հյուսիսային և արևելյան ափեր։ Սա նշանակում է ջրի, էլեկտրաէներգիայի և լոգիստիկայի վերահսկողություն։ Եփրատը Սիրիայի «անջատիչն» է․ ով տիրում է ամբարտակներին, նա տիրապետում է ճնշման լծակներին ճակատի երկու կողմերում գտնվող տարածքների նկատմամբ։

  2. Քաղաքական-էթնիկական․ Սա SDF-ի համար ավելի վտանգավոր է, քան հրետանին։ Քրդական վարչակազմը վերահսկում է գոտիներ, որտեղ քրդերը մեծամասնություն չեն կազմում։ Քանի դեռ ԱՄՆ-ն «պաշտպանում էր» SDF-ին, տեղական հակասությունները սառեցված էին։ Հենց որ պարզ դարձավ, որ արտաքին հովանին երաշխավորված չէ, արաբական ցեղերի զինված ջոկատներն ըմբոստացան։ Արդյունքում քրդերը կորցրին Դեյր էզ Զորի մոտակայքի նավթաբեր շրջանները, իսկ խռովությունը տարածվեց Ռաքքայի վրա, որը խորհրդանշական և կառավարչական հանգույց է։ Սա ծայրամասային իշխանության փլուզման դասական բանաձև է․ նախ անհետանում են եկամուտները (նավթը), ապա սկսվում է ապստամբությունների շղթան «կառավարվող» տարածքների ներսում։

  3. Աշխարհաքաղաքական․ Նախկինում ամերիկացիները SDF-ի գլխավոր ապահովագրողն էին։ Այժմ նրանք ցուցադրաբար չեն միջամտում մարտերին և սահմանափակվում են դեէսկալացիայի կոչերով՝ փաստացի պահպանելով Դամասկոսի նկատմամբ բարեկամական չեզոքություն։ SDF-ի համար սա ազդանշան է․ ԱՄՆ-ի հովանու ներքո ինքնավարություն կառուցելու դարաշրջանն ավարտվում է։ Դամասկոսի և Անկարայի համար սա հնարավորությունների պատուհան է, որը հազվադեպ է երկար բաց մնում․ քանի դեռ Վաշինգտոնը պատրաստ չէ ռեսուրսներով և հեղինակությամբ վճարել քրդական նախագծի համար, այն կարելի է կազմաքանդել։

  4. Թուրքական․ Թուրքիայի համար SDF-ն էկզիստենցիալ սպառնալիք է սահմանին։ Ուստի «Դամասկոս + թուրքական աջակցություն» կապն այստեղ ռազմավարական տեսք ունի․ վերացնել SDF-ի ռազմական ենթակառուցվածքները և վերականգնել վերահսկողությունն այն միջանցքների նկատմամբ, որոնք տասնամյակներ շարունակ դիտարկվում էին որպես պոտենցիալ պլացդարմ հենց Թուրքիայի դեմ։

Սակայն բուն քրդական շրջաններին մարտերի մոտենալուն պես դիմադրությունը կարող է սաստկանալ․ SDF-ն արդեն համընդհանուր զորահավաք է հայտարարել։ Սեփական հողում քրդերն ավանդաբար այլ կերպ են կռվում՝ թե՛ զոհողությունների պատրաստակամությամբ, թե՛ մոտիվացիայով և թե՛ ուժերի խտությամբ։ Ուստի «արագ վերջացնելու» սցենարը երաշխավորված չէ․ առջևում կարող է լինել տևական հակամարտություն, բայց արդեն ոչ թե հանուն ինքնավարության, այլ հանուն գոյատևման։

SDF-ի վերահսկած տարածքներում գտնվող ԻՊ զինյալների բանտերն այն «ականն» են, որը տասը տարի վերահսկվում էր հենց այն պատճառով, որ կար կարգ ու կանոն և պահպանության հստակ համակարգ։ Եթե ճակատը փլուզվի, իսկ պահպանությունը տեղափոխվի Ռաքքայի փողոցներ կամ Եփրատի անցումների մոտ, արմատականները զանգվածային փախուստի պատմական հնարավորություն կստանան։ Այդ դեպքում սիրիական հակամարտությունը «երկրորդ շունչ» կստանա՝ քաոսի և վրեժի ֆոնին ահաբեկչական ընդհատակի վերակենդանացման միջոցով, նշում է ալիքը։