Թերթը գրում է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել` ընտրությունների շրջանում լրատվամիջոցների մոնիտորինգի ծրագրի համար, որին կարող են մասնակցել  հայաստանյան հասարակական կազմակերպությունները: «Նկատել էինք, որ  մրցույթի հայտարարման ձեւը, բովանդակությունը, պահանջների անհստակությունը հուշում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ասենք, ծրագրի տեւողությունը 18 ամիս է, սակայն ծրագրային  փաթեթը  ներկայացնելու համար տրված է  6 աշխատանքային օր և այլն: Մենք նշել էինք, որ մրցույթը  հայտարարված է կոնկրետ կազմակերպության համար, եւ պոտենցիալ  հաղթողը Բորիս Նավասարդյանի  Երեւանի մամուլի ակումբն է լինելու:  Քանի որ մրցութային ժամկետն ավարտված է, երեկ մենք կապվեցինք  ԵԱՀԿ  գրասենյակի մամուլի պատասխանատուի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք ունի այն: Պարզվեց` ընդամենը 2 կազմակերպություն են դիմել  մրցույթին մասնակցելու համար: Թեեւ չասվեց որ կազմակերպություններն են, սակայն պարզ է, որ  նրանցից մեկը ԵՄԱ-ն է: Արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Հատկանշական է, որ  ՀԿ-ների առատության պայմաններում այս մրցույթում  մասնակցելու հայտ ներկայացնողներն այսքան սակավաթիվ են: Թերեւս, բոլորին հայտնի է եղել, որ չեն հաղթելու, ուստի ի՞նչ իմաստ ունի  ծրագիր գրելը»,- գրում է «Հրապարակ»-ը: