Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են կանգնեցնել «Մուքաաբ» խորանարդաձեւ երկնաքերի շինարարությունը Էր Ռիադի գործարար շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ շինարարության դադարեցումը պայմանավորված է ֆինանսավորման վերանայմամբ եւ ծրագրի իրագործելիության գնահատմամբ: Գործակալությունը նշել է, որ երկրի իշխանությունները հեռանում են «ֆուտուրիստական նախագծերի վրա մեծ ծախսերից» դեպի «ավելի զգույշ եւ պոտենցիալ շահութաբեր» ներդրումներ: Reuters-ը որպես շինարարության դադարեցման մեկ այլ պատճառ նշել է նավթի գների համաշխարհային անկումը։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի ուշադրության կենտրոնում են մի քանի այլ նախագծեր, այդ թվում՝ «Էքսպո 2030» ցուցահանդեսը, 2034թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ մայրաքաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային Քիդդիա այգի-քաղաքը:
Անանուն աղբյուրի տեղեկացմամբ՝ նախագծի ճակատագիրն անհայտ է, բոլոր աշխատանքները, բացի հողահանման աշխատանքներից, դադարեցվել են։ Նշվել է, որ կից տարածքում անշարժ գույքի շինարարությունը շարունակվելու է։
«Մուքաաբ» երկնաքերը նախագծվել է որպես 400 x 400 մետր խորանարդ՝ աշխարհի ամենամեծ ցուցադրական դիսփլեյ-գմբեթով: Նրա ներքին մակերեսը պետք է կազմեր մոտ 2 մլն քառակուսի մետր, ինչն այն կդարձներ աշխարհի ամենամեծ անկախ կանգնած շենքը: Ենթադրվում էր, որ համալիրում կտեղակայվի 104 հազար բնակարան եւ հարկաբաժին։ «Մուքաաբի» կառուցումն իրականացվում էր երկրի Saudi Vision 2030 տնտեսական վերափոխման 2030 ծրագրի շրջանակում։




























