Հայաստանի ներքին զորքերը, անվտանգության ուժերը լիովին բավարար են երկրում կայունությունը պահպանելու համար, եւ բանակի ներգրավումը արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ չէ: Այս մասին այսօր` փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, Հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը` անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագծին: 

Նրա կարծիքով` արտակարգ դրության պայմաններում զորքը չպետք է միջամտի երկրի ներքին կյանքին, այլ ավելի զգոն պետք է դառնա սահմանին` արտաքին թշնամուց պաշտպանելիս:

Վահան Շիրխանյանը նշեց, որ այս օրենքը պետք է ընդունվեր մեկ կամ կես տարի առաջ եւ չպետք է կապվի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: «Երկիրը պետք է ունենա արտակարգ դրության մասին օրենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 2008թ մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, ապա Շիրխանյանի խոսքով` «Ռոբերտ Քոչարյանն իրավունք չուներ ներգրավել զինված ուժերը»: Առաջիկա ընտրություններին 2008թ մարտի 1-ի կրկնությունը նա քիչ հավանական համարեց: «Հայաստանը կարող է արտակարգ դրության մեջ հայտվել երկու դեպքում. սոցիալական ընդվզումների կամ այն դեպքում, եթե ղարաբաղյան խնդրում լինի ոչ հայանպաստ լուծում, բայց Ղարաբաղի դեպքում ոչ թե արտկարգ դրություն պետք է մտցվի, այլ՝ ռազմական։ Մնում է միայն սոցալական պահը։ Սոցիալական ընդվզումն էլ կարելի է կանխել լավ աշխատելով։ Եվ այդ արտակարգ դրության մասին օրենքը կմնա չօգտագործված», – նշեց նա:

Նշենք, որ Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 9-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Օրինագիծը սահմանում է, որ արտակարգ ռեժիմը ներդրվելու է միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ է սպառնում սահմանադրական կարգին, երբ փորձեր են ձեռնարկվում ուժային ճանապարհով սահմանադրական կարգը փոխելու եւ իշխանությունը յուարցնելու համար:

Արտակարգ դրություն կարելի է մտցնել նաեւ զինված ապստամբությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, օբյեկտների զավթման կամ շրջափակման, զինված խմբավոումների գործողությունների, ազգային, ռասայական, կրոնական բախումների ժամանակ:

Ըստ օրենքի, բանակը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ ներքին զորքերն ու ԱԱԺ կառույցները ի վիճակի չեն լուծել իրենց առջեւ դրված խնդիրը:

Ընդդիմությունը հակասահմանադրական է որակել օրինագիծը` բուռն քննադատության ենթարկելով այն: