Եգեյան ծովում Հունաստանի առափնյա պահպանության նավի և ներգաղթյալների նավակի բախման հետևանքով մարդիկ են զոհվել: Նավի վրա գտնվողներից տասնհինգ մարմին է դուրս բերվել Խիոս կղզու մոտակայքի ջրերից, հունական հեռուստատեսությամբ հայտարարել է տարածաշրջանի փոխնահանգապետ Պանտելիս Վրուլիսը։

Քսանհինգ վիրավոր, նրանց թվում՝ 11 երեխա և առափնյա պահպանության երկու աշխատակից, տեղափոխվել են Խիոսի հիվանդանոց, հաղորդել է ERTNews հեռուստաալիքը: Փչովի նավակի վրա եղել է մոտ 30-35 մարդ, գրում է Reuters-ը, հղում անելով ականատեսներին։

Հունաստանի առափնյա պահպանության պարեկային ծառայությունը նկատել է նավակը, որը Թուրքիայից ուղևորվում էր Խիոս, և պահանջել է փոխել ուղղությունը, հաղորդում է DW-ն: Այնուհետև երկու նավերը դեռևս անհայտ պատճառներով բախվել են, և մի քանի մարդ ընկել է ծովը, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Առափնյա պահպանությունը, Հունաստանի ռազմաօդային ուժերի հետ համատեղ, սկսել է որոնողական-փրկարարական գործողություն։

Reuters-ը, հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնյային, հաղորդում է, որ ներգաղթյալների փոխադրողներն իրենց նավակը ուղղել են դեպի պարեկային նավը, ինչը հանգեցրել է բախման։