«Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է գնա բոլոր թույլատրելի միջոցներին՝ գների կայունություն ապահովելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:
NEWS.am-ի հարցին, թե արդյո՞ք այդ թույլատրելի միջոցների մեջ մտնում է նաեւ այն, որ ԿԲ-ն գների ու փոխարժեքի կայունություն ապահովելու համար միայն վերջին 2,5 ամսում իր պահուստներից վաճառել է ավելի քան 200 միլիոն դոլար: Ընդ որում, այդ պահուստների համալրման համար Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս տարի Հայաստանին է տրամադրել 320 միլիոն դոլարի վարկ ու ստացվում է, որ այդ 320-ից 200-ն արդեն ԿԲ-ն մսխել է: Այս առնչությամբ Թ. Մանասերյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով միայն, որ ինքը այդ որոշումների կայացմանը չի մասնակցում, եւ նման հարցերով պետք է դիմել համապատասխան մարդկանց:
Իսկ հնարավո՞ր է, որ ԿԲ-ի կողմից ֆիքսված փոխարժեքի քաղաքականության իրականացումը հանգեցնի այս տարվա մարտի 3-ի կրկնությանը, երբ ԿԲ-ն «բաց թողեց» փոխարժեքը, որի արդյունքում գների թռիչքաձեւ աճ գրանցվեց, Թ. Մանասերյանն արձագանքեց. «Ամեն ինչ հնարավոր է: Ճգնաժամի պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է»:


























