Միացյալ Նահանգները վեց ինքնաթիռից բաղկացած հինգերորդ սերնդի F-35A Lightning II սթելս-կործանիչների ևս մեկ խումբ է ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնում է Air and Space Forces Magazine պարբերականը:
Կիրակի օրը ինքնաթիռները, թռիչք կատարելով երեք անդրատլանտյան KC-135 Stratotanker լիցքավորող ինքնաթիռների աջակցությամբ՝ միջանկյալ վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի Լեյկենհիթ ավիաբազայում՝ հետագայում Մերձավոր Արևելք տեղափոխվելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ-ն տարածաշրջան էր փոխադրել վեց ինքնաթիռից բաղկացած նմանատիպ մեկ այլ խումբ: Արաբական ծովում գտնվող ամերիկյան ավիակրի վրա նույնպես տեղակայված է 12 միավոր F-35C կործանիչներից բաղկացած էսկադրիլիա: Անցյալ երեքշաբթի դրանցից մեկը խոցել է իրանական «Shahed-139» անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր ավիակրին:
Բացի F-35C-ներից, ավիակրի վրա տեղակայված են նաև F/A-18 Super Hornet կործանիչների երեք էսկադրիլիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն ավելի վաղ Մերձավոր Արևելքի ավիաբազաներում արդեն տեղակայել էին F-15E Strike Eagle-ի երեք էսկադրիլիա, F-16 Fighting Falcon-ի մեկ էսկադրիլիա և A-10 Thunderbolt II գրոհիչների մեկ էսկադրիլիա:
Բացի մարտական ինքնաթիռներից, ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռային համալիրներ և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նշում է պարբերականը:
Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ «Աբրահամ Լինքոլնի» գլխավորությամբ, շարունակում է հերթապահությունը Արաբական ծովի շրջանում՝ իրականացնելով բորտային ավիացիայի թռիչքներ: CENTCOM-ի տվյալներով՝ ներկայումս ավիակիրը գտնվում է Իրանի ափերից 500 մղոն (800 կմ) հեռավորության վրա: Ավիակիր հարվածային խմբի կազմում ընդգրկված են USS Spruance, USS Michael Murphy և USS Frank Petersen էսկադրային ականակիրները, որոնք զինված են 1,6 հազար կմ հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներով:
Ինչպես երևում է Marine Traffic ռեսուրսի տվյալներից, «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբի կազմից USS Michael Murphy-ն կարճատև կանգառ է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում (գտնվում է Օմանի ծոցում): Էսկադրային ականակիրը նավահանգստում մնացել է մոտ 10 ժամ, որից հետո դուրս է եկել բաց ծով:
Միևնույն ժամանակ, երկուշաբթի օրը Օմանի ծոցի վրա իրանական անօդաչու թռչող սարքի թռիչք է արձանագրվել։ Սա Իրանի ԱԹՍ-ի առաջին թռիչքն էր տարածաշրջանի ծովային հատվածում այն բանից հետո, երբ տախտակամածային F-35C կործանիչը խոցել է իրանական «Shahed-139» անօդաչուն, որը մոտեցել էր ամերիկյան ավիակրին։
ԱՄՆ ռազմածովային ուժերի P-8A Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռը երկուշաբթի օրը թռիչք է իրականացրել Իրանի մոտակայքում գտնվող Հորմուզի նեղուցի վրա։ Այս մասին են վկայում Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Ինքնաթիռն օդ է բարձրացել Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայից։ Բազմաժամյա գործողության ընթացքում P-8A Poseidon-ը թռիչքներ է կատարել Հորմուզի նեղուցի վրայով՝ շրջելով Պարսից և Օմանի ծոցերի միջև։
Նախորդ օրը P-8A Poseidon-ը բազմաժամյա թռիչք է իրականացրել Պարսից ծոցի կենտրոնական մասի միջազգային ջրերի վրայով՝ Բահրեյնից հյուսիս մինչև ԱՄԷ։
Այս ամերիկյան պարեկային ինքնաթիռը պարբերաբար օգտագործվում է Հորմուզի նեղուցի, Պարսից և Օմանի ծոցերի շրջանում տիրող իրավիճակին հետևելու համար։





























