Մեծ Բրիտանիայի պետական քաղաքացիական ծառայության ղեկավար և նախարարների կաբինետի քարտուղար Քրիս Ուորմոլդը կարող է լքել իր պաշտոնը վարչապետ Քիր Սթարմերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ներկայումս Ուորմոլդը և Սթարմերի շրջապատը բանակցություններ են վարում քաղծառայության ղեկավարի հրաժարականի պայմանների շուրջ, ով այդ պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Մասնավորապես, Ուորմոլդին կարող է պաշտոն առաջարկվել Լորդերի պալատում (Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատ)։ Ըստ հրապարակման՝ Սթարմերը դժգոհ է մնացել քաղծառայության մասշտաբային բարեփոխումներ իրականացնելու հարցում Ուորմոլդի ցուցաբերած դիմադրությունից, ինչն էլ նրանց միջև տարաձայնությունների է հանգեցրել։

Փետրվարի 8-ին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Մորգան Մաքսուինին: Այս որոշման պատճառ է դարձել այն սկանդալը, որը կապված է եղել Փիթեր Մանդելսոնի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հետ: Վերջինս մտերիմ հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրված ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ: Փետրվարի 9-ին, Մաքսուինիից հետո, պաշտոնից հեռացել է նաև Սթարմերի հասարակայնության հետ կապերի ծառայության տնօրեն Թիմ Ալանը: Դրանից հետո բրիտանական մամուլում ուժգնացել են կառավարության ղեկավարի հնարավոր շուտափույթ փոփոխության մասին խոսակցությունները, քանի որ հենց նա էր արտոնել Մանդելսոնի նշանակումը:

Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին: Դատախազությունը հայտարարել է, որ ապացույցներ կան այն մասին, որ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է տասնյակ անչափահաս աղջիկների (որոնցից ամենակրտսերը 14 տարեկան էր) այցելությունները Մանհեթենի իր տուն: Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից (այդ թվում՝ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր ձեռնարկատերեր և շոու-բիզնեսի աստղեր: Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո: