Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակի հրշեջ-փրկարարները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։





























