Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը հավաքել է 13 հազար 079 ձայն, իսկ ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Հարկ է նկատել, որ ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 45 հազար 172 է եղել, մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված եւ հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը` 19 506, անվավեր քվեաթերթիկների թիվը` 893, օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը` 0, իսկ վավեր քվեաթերթիկների թիվը` 24 585, սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 25 477 , անճշտությունների չափը` 13:
Նշենք, որ թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում է ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Նշենք, որ Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,86 տոկոսը:




























