Հրազդանում փետրվարի 12-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ լարվածությունը մեծ է եղել: Այս մասին, այսօր` փետրվարի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, հավելելով, որ բոլորի սպասումները կապված են եղել ընտրակեղծիքների հետ:
Նա նշեց, որ անընդհատ կապի մեջ է եղել Հրազդանում գտնվող «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հետ, ովքեր ահազանգել են, որ թեեւ արտառոց միջադեպեր չեն գրանցվել, սակայն գործի է դրվել ընտրակաշառքի մեխանիզմը:
Ըստ Սաֆարյանի, Հայաստանում ոչ մի ընտրություն չի կարելի համարել արդար եւ հավասար պայմաններ ապահովող, քանի որ իշխանությունը տիրապետում է վարչական ռեսուրսների եւ իշխանության թեկնածուի ձայները այնքան շատ պետք է լինեին, որ վիճարկելու առիթ չլինի:
Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթած Արամ Դանիելյանին շնորհավորելուն, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, ո դա նրա մրցակից Սասուն Միքաելյանի որոշելիքն է:
Նշենք, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուները երկուսն էին. գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը, ում պաշտպանում էր ՀՀԿ-ն, եւ «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, ում պաշտպանում են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
Գործող քաղաքապետը հավաքել է 13 հազար 079 ձայն, իսկ Սասուն Միքայելյանը` 11506 ձայն: Օրվա ընթացքում Սասուն Միքայելյանի շտաբը հաղորդում էր բազմաթիվ ընտրակեղծիքների մասին, մինչդեռ Արամ Դանիելյանի շտաբը հերքում էր մեղադրանքները:
Նշենք, որ Սասուն Միքայելյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, 2008-ին սատարել է նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորվել էր ու դատապարտվել:
Նրա մրցակից Արամ Դանիելյանը Հրազդանը ղեկավարում է արդեն 12 տարի:
Հրազդան քաղաքում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 43 հազար 874 է, ընտրություններին մասնակցել է գրանցված ընտրողների 57,86 տոկոսը:




























