Հայտնի աստղաֆիզիկոս Կարլ Գրիլմեյրը սպանվել է Կալիֆոռնիայի Անտիլոփ հովտի գյուղական շրջանում։ Այդ մասին հայտնել է «Los Angeles Times» թերթը։
911 ծառայությանը զանգահարել են ժամը 6:10-ին՝ Լլանոյի տարածքում զինված կողոպուտի մասին հայտնելու համար։ Շերիֆի՝ դեպքի վայր հասած օգնականները տան պատշգամբում գտել են 67-ամյա տղամարդու՝ հրազենային վերքով։ Բժիշկները նրան մահացած են ճանաչել։
Դատաբժշկական փորձագետը մահվան պատճառը համարել է իրանի շրջանում ստացած հրազենային վերքը։
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի դեպարտամենտը ավելի ուշ հայտարարել է 29-ամյա Ֆրեդի Սնայդերի ձերբակալության մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության, մեքենայի գողության եւ կողոպուտի համար՝ կապված դեկտեմբերի 28-ի միջադեպի հետ։ Կասկածյալը կալանավորված է առանց գրավի՝ 2 միլիոն դոլարի դիմաց ազատ արձակվելու իրավունքի։ Հետաքննությունը չի նշել, թե արդյոք նա ճանաչել է մահացածին։
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչը հաստատել է, որ Գրիլմեյրը գալակտիկական աստղագիտությամբ զբաղվել է ավելի քան 40 տարի։ Նա աշխատել է համալսարանի ինֆրակարմիր տվյալների մշակման եւ վերլուծության կենտրոնում, որը համագործակցում է ՆԱՍԱ-ի եւ Ազգային գիտական հիմնադրամի հետ։
Գործընկերները նրան համարում էին Ծիր Կաթինի կառուցվածքի առաջատար մասնագետներից մեկը։ Նրա հետազոտությունները կենտրոնացած էին աստղային հոսքերի եւ գալակտիկաների էվոլյուցիայի վրա։ 2007թ․ նա հրապարակել է ուսումնասիրություն, որը ենթադրում էր ջրի առկայություն Արեգակնային համակարգից դուրս գտնվող հեռավոր մոլորակի վրա։ Գրիլմեյրը մի քանի մրցանակների է արժանացել գիտական նվաճումների համար, այդ թվում՝ ՆԱՍԱ-ի պատվո մեդալի։
Նա ապրում էր Անտիլոպ հովտի հեռավոր հատվածում, որտեղ հիմնել էր տնային աստղադիտարան՝ հեռադիտակներով։ Վերջերս նա զբաղվում էր գիսաստղերի եւ աստերոիդների ուսումնասիրմամբ, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Երկրի համար։




























