Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է եւ անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնութուն կազմակերպելու համար: Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց եւ դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները:
Քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում A/H1N1 ենթատեսակի վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարելու համար:



























