ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ ռազմական սրման եզրին է, հակառակ իր խորհրդականների կոչերին՝ կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա, որոնք միջանկյալ ընտրություններից առաջ անհանգստացնում են ամերիկացի ընտրողներին, գրում է Reuters-ը։
Ըստ աղբյուրների՝ Թրամփը հրամայել է մեծացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և նախապատրաստվել Իրանի դեմ հնարավոր բազմաշաբաթյա օդային արշավին։ Սակայն նախագահը դեռևս հանրությանը մանրամասն պարզաբանում չի տվել, թե ինչու կարող է Վաշինգտոնին ստիպել ձեռնարկել ամենաագրեսիվ գործողությունները Իսլամական Հանրապետության դեմ 1979 թվականի հեղափոխությունից ի վեր։
Ներքին տարաձայնություններ
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ չնայած Թրամփի կոշտ հռետորաբանությանը, վարչակազմի ներսում Իրանին հարվածելու համար «միասնական աջակցություն» չկա։ Ըստ նրա՝ նախագահի օգնականները վախենում են, որ արտաքին քաղաքականության վրա չափազանց կենտրոնացումը կշեղի ուշադրությունը տնտեսությունից ՝ չկողմնորոշված ընտրողների հիմնական խնդրից։
Ըստ հրցումների՝ ամերիկացիները շատ ավելի մտահոգված են գնաճով և ապրուստի արժեքի աճով, քան արտաքին քաղաքականության հակամարտություններով։
Ընդսմին, Սպիտակ տունը պնդում է, որ նախագահի քաղաքականությունը արդյունքներ է տալիս: «Նախագահի ձեռնարկած բոլոր գործողություններն ուղղված են Ամերիկային առաջին տեղում դնելուն՝ լինի դա գլոբալ անվտանգության բարելավումը, թե ներքին տնտեսական նվաճումները»,- ասել է վարչակազմի մեկ այլ պաշտոնյա։
Ռիսկերը հանրապետականների համար
Նոյեմբերյան ընտրությունները կորոշեն՝ արդյոք Հանրապետական կուսակցությունը կպահպանի՞ Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը: Նույնիսկ մեկի կորուստը Թրամփի համար ավելի դժվար կդարձնի իր օրակարգի իրականացումը նախագահության մնացած ժամանակահատվածում։
Հանրապետական ռազմավարագետ Ռոբ Գոդֆրին զգուշացնում է, որ Իրանի հետ երկարատև հակամարտությունը կարող է լուրջ քաղաքական ռիսկեր ստեղծել նախագահի համար: Նա նշում է, որ Թրամփի ընտրևազանգվածի բազան, որը երեք անգամ աջակցել է նրան նախնական ընտրություններում, ավանդաբար կասկածամիտ է արտաքին ռազմական գործողությունների նկատմամբ: Թրամփի առանցքային խոստումներից մեկը «անվերջանալի պատերազմների» դարաշրջանի ավարտն էր։
Ավելի բարդ հակառակորդ
«Ամերիկան կրկին մեծ դարձնենք» շարժման որոշ կողմնակիցներ աջակցել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ վերջերս իրականացված գործողությանը, սակայն Իրանը շատ ավելի լուրջ հակառակորդ է համարվում։
Թրամփը բազմիցս սպառնացել է Թեհրանին ավիահարվածներով, եթե Իրանը հրաժարվի միջուկային համաձայնագրից։ Հունիսին ԱՄՆ-ն արդեն հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին, և Թեհրանը կոշտ պատասխան էր խոստացել կրկնակի հարձակման դեպքում։
Նախագահը պնդում է, որ Իրանը «չպետք է միջուկային զենք կամ այն կառուցելու կարողություն ունենալ» և պետք է դադարեցնի ուրանի հարստացումը։ Սակայն, վարչակազմը չի պարզաբանել, թե ինչպես են հնարավոր ավիահարվածները հանգեցնելու ռեժիմի փոփոխության կամ ստիպելու մեկընդմիշտ հրաժարվել միջուկային ծրագրից։
Անորոշ նպատակներ և պատմական զուգահեռներ
Փորձագետները նշում են, որ Սպիտակ տան փաստարկները թվում են անորոշ և ժամանակի ընթացքում փոխվում են՝ Իրանում բողոքի ցույցերի ճնշմանը արձագանքից սկսած մինչև միջուկային ծրագիրը դադարեցնելու պահանջներն ու կառավարության փոփոխության մասին ակնարկները։
Այդ անորոշությունը հակասում է Ջորջ Բուշի վարչակազմի դիրքորոշմանը, որը 2003 թվականին բացահայտորեն արդարացրել էր Իրաք ներխուժումը՝ հղում անելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությանը (հետագայում ապացուցվեց, որ այդ պնդումը կեղծ էր)։
Խաղադրույք վճռականության վրա
Հանրապետական ստրատեգ Լորեն Քուլին կարծում է, որ Թրամփի կողմնակիցները կարող են աջակցել սահմանափակ և արագ ռազմական գործողությանը, եթե այն հստակ կապված է ազգային անվտանգության և տնտեսական կայունության պաշտպանության հետ։
Սակայն հարցումները ցույց են տալիս, որ նոր արտաքին պատերազմի հանրային պահանջ չկա։ Տնտեսական դժվարությունների և գնաճի անորոշության ֆոնին, Իրանի հետ ցանկացած սրացում կարող է լուրջ փորձություն լինել Սպիտակ տան համար։
Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը դժվարին իրավիճակում է հայտնվել. ԱՄՆ հսկայական ռազմական ներկայությունը տարածաշրջանում վճռական գործողությունների սպասումներ է առաջացնում, մինչդեռ դա չանելը կարող է միջազգային ասպարեզում թուլության նշան ընկալվել։





























