ԱՄՆ վարչակազմը դիտարկում է արդյունաբերության վեց ոլորտներում նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ Սպիտակ տան սակագնային քաղաքականության վերաբերյալ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Ըստ հրապարակման տվյալների՝ ամերիկյան իշխանությունները մտադիր են, մասնավորապես, մաքսատուրքեր սահմանել մեծ տարողությամբ մարտկոցների, թուջե և երկաթե կցամասերի, պլաստիկե խողովակների, արդյունաբերական քիմիկատների, ինչպես նաև էներգահամակարգերի սարքավորումների և հեռահաղորդակցության տեխնիկայի համար։ Նշվում է, որ դրա համար Վաշինգտոնի վարչակազմը կօգտվի «Առևտրի մասին» օրենքի 232-րդ բաժնից, որը նախագահին լայն լիազորություններ է տալիս սակագների ոլորտում։ Ինչպես անցյալ շաբաթ նշել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը, Գերագույն դատարանը հաստատել է, որ ամերիկյան առաջնորդն օժտված է մաքսատուրքեր սահմանելու լիազորություններով և կարող է օգտվել 232-րդ բաժնից։

Նոր մաքսատուրքերի հայտարարման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարի 20-ին լիազորությունների չարաշահում է ճանաչել նախագահի վարչակազմի կողմից այլ երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը՝ միջազգային արտակարգ իրավիճակների դեպքում տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) պատրվակով: Միևնույն ժամանակ, բարձրագույն դատական ատյանը չի պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է վերադարձնի նախկինում որպես մաքսատուրք վճարված գումարները: