Ճապոնիան ծրագրում է մինչև 2031 թվականի մարտը «երկիր-օդ» դասի հրթիռներ տեղակայել Թայվանին մոտ գտնվող իր արևմտյան հեռավոր կղզում։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը, հաղորդում է BBC News-ը։

Սա առաջին դեպքն է, երբ Ճապոնիան հստակեցնում է Յոնագունի կղզում հրթիռների տեղակայման ժամկետները։ Նմանատիպ տեղակայման մտադրության մասին առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականին։

Տոկիոյի և Պեկինի միջև լարվածությունը կտրուկ աճել է նոյեմբերից, երբ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ենթադրել է, որ Ճապոնիան կգործադրի իր ինքնապաշտպանության ուժերը Թայվանի վրա «հարձակման դեպքում»։

Դեռ վաղուց մտավախություն կա, որ Չինաստանի կողմից Թայվանի (որը համարվում է ԱՄՆ դաշնակիցը) վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Վաշինգտոնի և Պեկինի միջև ուղիղ ռազմական բախման, ինչը հետագայում կարող է տարածվել նաև տարածաշրջանում ԱՄՆ այլ դաշնակիցների վրա, ինչպիսին Ճապոնիան է։

Խորհրդարանում Տակաիչիի ելույթները Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են վերջին տարիների ամենացածր մակարդակին։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին հրթիռների մատակարարման ժամկետների մասին հայտարարել է երեքշաբթի օրը՝ այն բանից մեկ օր անց, երբ Չինաստանը, վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները, արտահանման սահմանափակումներ է մտցրել ճապոնական 20 ընկերությունների և իրավաբանական անձանց նկատմամբ։

Կոիձումին նշել է, որ «Յոնագունի» ստորաբաժանումը համալրվելու է միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներով, որոնք ընդունակ են որսալ մոտեցող ինքնաթիռներն ու հրթիռները։

Չինաստանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Կոիձումիի հայտարարությանը։ Սակայն, երբ նոյեմբերին նախարարն այցելել էր Յոնագունի, Պեկինը հայտարարել էր, թե Ճապոնիան ձգտում է լարվածություն ստեղծել տարածաշրջանում և ռազմական առճակատում հրահրել։

Վերջին տասնամյակի ընթացքում Ճապոնիան խաղաղ Յոնագունին վերածել է ռազմական ավանպոստի։ Ներկայումս կղզում իրականացվում է առափնյա հսկողություն, որտեղ ծառայում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շուրջ 160 զինծառայող։ 2026 ֆինանսական տարում (որը տևում է ապրիլից մինչև հաջորդ տարվա մարտ) այստեղ կստեղծվի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանում, որն ընդունակ է խափանել հակառակորդի կապն ու ռադարների աշխատանքը։ Ըստ Կոիձումիի՝ հրթիռային ստորաբաժանման տեղակայման ժամկետները «կարող են փոփոխվել՝ կախված օբյեկտի հետագա բարելավման ընթացքից, սակայն ներկայիս ծրագիրը նախատեսված է 2030 ֆինանսական տարվա համար»։