Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Գերմանիային առաջարկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի համար Վարշավային տրվող ռեպարացիաներ վճարել ռազմական տեխնիկայի մատակարարումների տեսքով։
«Առաջարկները, որոնք ես ներկայացրել եմ Գերմանիայի նախագահին և կանցլերին, վերաբերում էին ռեպարացիաների վճարմանը։ Իմ առաջարկն ու կոչը վերաբերում են նրան, որ Գերմանիան սկսի ռեպարացիաներ վճարել՝ ներդրումներ կատարելով ռազմական տեխնիկայի մեջ, որը կհամալրի Լեհական բանակի սպառազինությունը», - լրագրողներին ասել է Նավրոցկին։
Նա կարծում է, որ նման որոշումը կարող է Լեհաստանին ազատել SAFE ծրագրին մասնակցելու անհրաժեշտությունից, որը Եվրամիության նախաձեռնությունն է և թույլ է տալիս անդամ երկրներին սպառազինություն գնելու համար՝ վարկեր վերցնել։
«Եթե Գերմանիան սկսեր փոխհատուցումներ վճարել ռազմական տեխնիկայի տեսքով... գուցե այսօր մենք ստիպված չլինեինք խոսել SAFE ծրագրի մասին», - ասել է Լեհաստանի նախագահը։
2022 թվականի աշնանը Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ 6,2 տրիլիոն զլոտի (այդ ժամանակվա փոխարժեքով՝ շուրջ 1,3 տրիլիոն դոլար) են պահանջում Գերմանիայից՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրած վնասների ռեպարացիա։ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին համապատասխան նամակ է ուղարկվել Գերմանիայի ԱԳՆ-ին։ Գերմանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ վճարումներ իրականացնել Լեհաստանին. Բեռլինում կարծում են, որ արդեն վճարել են բավականաչափ խոշոր ռեպարացիաներ և հիմքեր չկան 1953 թվականին ռեպարացիաներից Լեհաստանի հրաժարվելու փաստը կասկածի տակ դնելու համար։





























