Կավճի ժամանակաշրջանի խոշորագույն գիշատիչները տեղաշարժվել են մատների ծայրերի վրա, իսկ իրենց շարժման մեխանիկայով հիշեցրել են ժամանակակից հսկա ջայլամներին։ Քայլելու այս եղանակը թույլ է տվել բազմատոննանոց մողեսներին արդյունավետորեն մեղմել կմախքի վրա ընկնող հարվածային ծանրաբեռնվածությունը և որսին հետապնդելիս զարգացնել մեծ արագություն, ինչն անհնար կլիներ թաթի հարթ դիրքի դեպքում։
Հնէաբանները տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են տիրանոզավրի կմախքի կառուցվածքը՝ նրա շարժման իրական բիոմեխանիկան վերականգնելու համար, հայտնում է Naked Science-ը։ Հասուն առանձնյակը կարող է կշռել մինչև 10 տոննա և նման հսկային անհրաժեշտ է եղել վերջույթների եզակի կառուցվածք, որն ընդունակ կլիներ դիմակայել հսկայական ճնշմանը՝ յուրաքանչյուր քայլափոխի ժամանակ։
Մասնագետները մոդելավորել են գետնին թաթի հպման երեք տարբերակ՝ կրունկի վրա, թաթի մեջտեղի հատվածի վրա և մատների վրա։ Մոդելների իրատեսականությունը ստուգելու համար դրանք համեմատել են մարդու և ջայլամի բիոմեխանիկայի հետ։ Բացի այդ, հեղինակները հետազոտել են դինոզավրերի քարացած հետքերը։ Հետքերի վերլուծությունը ցույց է տվել, որ ամենախորը փոսերը մնացել են հենց մատներից։ Սա հաստատել է, որ կենդանու հիմնական քաշը բաժին է ընկել թաթի առջևի մասին։
Հաշվարկները ցույց են տվել, որ մատների ծայրերով տեղաշարժվելը բիոմեխանիկորեն ամենաշահավետն է եղել գիշատչի համար: Նման քայլվածքը թույլ է տվել քայլերն անել ավելի հաճախ և քիչ ժամանակ ծախսել գետնի հետ շփման վրա: Սա մոտ 20%-ով ավելացրել է մողեսի հաշվարկային առավելագույն արագությունը՝ թաթի հարթ դիրքի համեմատ: Եթե տիրանոզավրը հենվեր կրունկի վրա, արագավազ որսին հետապնդելու նրա արդյունավետությունը զգալիորեն կնվազեր:
Ըստ նոր մոդելի՝ հասուն տիրանոզավրի արագությունը կարող էր տատանվել վայրկյանում 5-ից մինչև 11 մետրի սահմաններում: Բազմատոննանոց մողեսը շարժվել է հսկայական թռչնի նրբագեղությամբ՝ թաթերն օգտագործելով որպես ամորտիզատորներ: Կիսածալված ոտքերը զսպանակել են յուրաքանչյուր քայլափոխի ժամանակ, ինչն օգնել է պահպանել հավասարակշռությունը անհարթ մակերևույթների վրա և պաշտպանել ոսկորները հարվածներից:




























