Մեր ժողովրդի շրջանում էլ կային մարդիկ, ովքեր որ հավատում էին Թրամփի խոստումներին օգնության վերաբերյալ, սակայն ի վերջո մենք բոլորս տեսանք, որ այդ խոստումների հետևանքը միայն մարդկային կորուստներն են, սպանությունները, ավերվածությունները։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հուսով եմ՝ հիմա բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն, ավերածություններ և մարդկային կորուստներ։ Եվ այն անձը, ով գտնվում է Ամերիկայում և հույս ունի, որ Իրանի ժողովուրդը կգնա կզոհվի, որպեսզի ինքը վերադառնա Իրան և դառնա Իրանի ղեկավարը, այդ անձը երեկ Twitter-ում մի գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ իր սիրտը կոտրվել է և ցավում է 3 ամերիկացի զինվորի սպանության համար։ Մի հոգի մեկնաբանությունների դաշտում գրել էր. «Բա քո սիրտը ի՞նչ է զգում այն 153 աղջիկ աշակերտների համար, որոնք Մինաբի դպրոցի հարձակման հետևանքով զոհվել են։ Ոչ մի պատասխան մեկնաբանություն նա չի ստացել»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում Իրանի քաղաքացիների բողոքի ակցիաներին՝ ուղղված Իրանի գործող իշխանությունների դեմ, Շիրղոլամին ասաց. «Կապված մեր որոշ քաղաքացիների կողմից ձեռնարկված գործողությունների հետ, որոնք որոշակի վտանգներ էին և սպառնալիքներ էին հնչեցնում մեր ուղղությամբ, այս հարցի վերաբերյալ ևս կարող եմ ասել, որ համապատասխան քայլերը ձեռնարկվել են, ինչի համար ես իմ շնորհակալություն եմ հայտնում։
Ես նախկինում ևս ասել եմ, հիմա էլ կարող եմ վերահաստատել, որ մենք քաղաքական հավաքների հետ որևէ խնդիր չունենք, մեր երկրում էլ դրանք բնականոն կերպով տեղի են ունենում։
Սակայն այս պարագայում այն ինչը կոչվում էր քաղաքական հավաք, իրականում կազմակերպված մի խմբի գործողություն էր, որը ոչ այլ ինչ էր, քան ուղղակի հայհոյանքների, վիրավորանքների հնչեցում, ինչպես նաև սպառնալիքներ ուղղված դեսպանատան և դեսպանատան աշխատակիցներին։ Սա, որևէ կերպ քաղաքական հավաք հնարավոր չէ անվանել։
Ինչ-որ մի փուլի նրանք արդեն սկսեցին ամենաանպարկեշտ բառերով և վիրավորական խոսքերով վիրավորել և այդ խոսքերը հնչեցնել մեր ազգային, ինչպես նաև կրոնական սկզբունքների վերաբերյալ։
Մենք իհարկե, մեր անհանգստությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին, ասելով, որ սա կրոնական ատելության տարածում է, ինչը ՀՀ օրենքների տեսանկյունից ևս պատժելի գործողություն է։
Իհարկե, պետք է նշել, որ թվաքանակով նրանք մշտապես փոքրամասնություն են, Հայաստանում մենք ունենք ավելի քան 3000 Իրանի քաղաքացի, որոնց շրջանում նմանօրինակ գործողությունների մասնակցած անձինք ընդամենը մի քանի տասնյակ են։ Սակայն մենք նրանց էլ սիրում ենք, նրանք մեր քաղաքացիներն են, նրանցից շատերին մենք դեսպանատան հյուպատոսական մեր բաժինը համապատասխան ծառայություններն է մատուցել։ Նրանք մեր քաղաքացիներն են, որոնք խաբեության զոհ են դարձել։ Հիմա էլ, եթե նրանք մեզ դիմեն հյուպատոսական որևէ հարցով, մենք սիրով նրանց կօգնենք»,–ասաց նա։





























