Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում սույն օրինագծի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարը նշել է, որ որևէ փոփոխություն չի կատարվել։
Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է վերանայել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման կարգը: Այսպիսով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները կհամարվեն ատեստավորումն անցած՝ հիմնվելով ավարտական քննությունների արդյունքների վրա, եթե անհրաժեշտ պատրաստությունն անցնելուց հետո համապատասխան պաշտոններ են ստացել Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ տարբեր ռազմաուսումնական հաստատություններ ավարտած սպաները նույնպես կհամարվեն ատեստավորումն անցած՝ ըստ ավարտական քննությունների արդյունքների։ Ընդ որում, երկու դեպքում էլ աշխատավարձի հավելավճարները կհաշվարկվեն պաշտոնի նշանակման պահից սկսած։
Հատկանշական է, որ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շուրջ 4 հազար մասնակից արդեն դարձել է պայմանագրային զինծառայող։ «Ծրագրի մասնակիցները 5-ամյա պայմանագրային ծառայությունն ավարտելուց հետո, նոր պայմանագիր կնքելիս, կարող են լրացուցիչ միանվագ վճար ստանալ՝ 2 տարվա դեպքում՝ 1,5 մլն դրամ, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ»,- նշել է Պապիկյանը։
Այս նախաձեռնությունների նպատակը հավելյալ մոտիվացիա ստեղծելն է՝ հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար։ «Սա թույլ կտա ակնկալել, որ 30 տարեկանը լրացած զինծառայողների այս խումբը կշարունակի Զինված ուժերում ծառայությունը»,- պարզաբանել է նախարարը։





























