Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկամսյա հրադադարի առաջարկ է արել Իսրայելին՝ խոստանալով այդ ընթացքում հասնել շիաների «Հեզբոլլահ» աշխարհազորի զինաթափմանը։ Այս մասին հաղորդել է համաարաբական Asharq al-Awsat թերթը՝ հղում կատարելով Բեյրութի դիվանագիտական ​​աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ պետության ղեկավարը խաղաղության առաջարկն իսրայելական կողմին է փոխանցել Լիբանանում ԱՄՆ դեսպան Մայքլ Իսայի միջոցով։ Աունը հայտնել է, որ հրադադարն անհրաժեշտ է, որպեսզի լիբանանյան բանակն ավարտի կառավարության հաստատած բոլոր անօրինական կիսառազմական խմբավորումների զինաթափման ծրագիրը։ Նա ընդգծել է, որ նման գործողություն անհնար է իրականացնել ռազմական պայմաններում։

Աունը հավաստիացրել է, որ զենքի պետական մենաշնորհի իրականացումը չի կարող լիովին կատարվել՝ հաշվի առնելով Իսրայելի գործողությունների սրացումը ցամաքում, օդում եւ ծովում, հաղորդել է պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մարտի 9-ին Լիբանանի նախագահը հայտնել էր Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ ագրեսիայի եւ օկուպացիայի դադարեցմանը հանգեցնող անվտանգության միջոցառումներ մշակելու համար։ Նա նշել է, որ «Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշել է տարածաշրջանային հակամարտության մեջ՝ անտեսելով իր քաղաքացիների մեծամասնության կամքը, որոնք հոգնել են պատերազմներից եւ դրանց հետեւանքներից։