Իրանը հարվածել է ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազային, հաղորդում է IRIB-ը։
«Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված Ալ-Զաֆրա ավիաբազայի թիրախների վրա հրթիռների արձակման պահը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է Իրանի կողմից այսօր արձակված յոթ բալիստիկ հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաբազաների վրա արձակված 45 անօդաչու թռչող սարք։ Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաների դեմ ԻՀՊԿ-ի հարվածների ինտենսիվությունը մնացել է անփոփոխ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























