Շվեյցարական դատարանը համաձայնեց ազատ արձակել ռեժիսոր Ռոման Պոլանսկուն 4,5 մլն դոլար գրավի եւ շվեյցարական բնակարանում տնային կալանք նշանակելու դիմաց: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը, Պոլանսկին կմնա անազատութան մեջ, քանի դեռ որոշում չի կայացվել տվյալ վճիռը երկրի Գերագույն դատարանում բողոքարկելու մասին: Բողոքարկման համար նախատեսված է 10 օր ժամանակ:

Միեւնույն ժամանակ, ինչպես այսօր՝ նոյեմբերի 26-ին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արդարադատության նախարարին, գերատեսչությունը մտադիր չէ բողոքարկել դատարանի որոշումը: Ըստ Էվելինա Վիդմեր-Շլումպֆի, որեւէ իմաստ չկա դա անելու:

Հիշեցնենք, որ Ռոման Պոլանսկին ձերբակալվել էր 2009թ. սեպտեմբերի 26-ին՝ Ցյուրիխում՝ ԱՄՆ-ում տարիներ առաջ 13-ամյա Սամանթա Գեյմերին գայթակղելու մեղադրանքով: Ավելի վաղ տուժածը բազմիցս դիմել էր ամերիկյան իշխանություններին՝ խնդրելով դադարեցնել քննությունը, քանի որ ռեժիսորն իրեն փոխհատուցում է վճարել:

Ամերիկյան կողմը պահանջում է իրեն հանձնել Պոլանսկուն՝ դատաքննություն անցկացնելու համար: