Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրին: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկել են հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, եւ խորհրդարանի խոսնակի խնդրանքով Հայաստանի դեսպանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է: Բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմացնում է հայատյացություն:
Հանդիպման վերջում Արմեն Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այս հարցում սկզբունքային մոտեցման համար:



























