Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանն, այսօր` մարտի 19-ին, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել, բացառելու համար դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այդ մասին ահազանգ են հնչեցրել ծնողները` քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով:

«Մեզ համար շատ կարեւոր է երեխաների կրթության հարցը: Դպրոցներում դրամահավաքության կամ դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի եւ առաջին հերթին պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրեններն ու համապատասխան անձինք»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաեւ, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են եւ շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն: