Թուրքական կառավարությունը որոշում է կայացրել երկրի համալսարաններում քրդական բանասիրության ֆակուլտետներ բացել։ Տեղեկատվության համաձայն՝ սա եւս մեկ քայլ է՝ ուղղված քրդերեն լեզվի ճանաչմանը։ Թուրք գեներալները ողջունել են այս քայլը՝ այն ընդունելով որպես 40 հազար մարդու կյանք խլած հակամարտությունը մեղմելու քայլ։ Ինչպես գրում է լեհական PAP պարբերականը, քրդերը Թուրքիայի բնակչության 20 տոկոսն են կազմում, սակայն քրդական կուսակցությունների գործունեությունն արգելված է, իսկ լեզու եւ մշակույթ ունենալու իրավունքը՝ մերժված։

Հիշեցնենք, որ ցանկանալով հարաբերությունները կարգավորել 12 միլիոնանոց քրդական համայնքի հետ՝ թուրքական կառավարությունը որոշում է կայացրել քրդերեն լեզվով Ղուրան հրատարակել։ Հյուսիսային Անատոլիայում, որ հիմնականում բնակեցված է քրդերով, աշխատելու են միայն քրդերենին տիրապետող հոգեւորականներ։

Կրոնի հարցերով վարչությունը որոշում է կայացրել նաեւ ուրբաթ օրվա աղոթքներն անցկացնել քրդերենով։ Ինչպես հայտնում է Radikal թերթը, վարչությունը մտադիր է սեփական հեռուստաալիք ստեղծել, որով կհեռարձակվեն քրդերեն հաղորդումներ։ Թերթը հայտնում է, որ անհրաժեշտության դեպքում նմանօրինակ քայլեր կարվեն նաեւ ազգային այլ փոքրամասնությունների համար։