Հաագայում նոյեմբերի 30-ին մեկնարկել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության 14-րդ խորհրդաժողովը, որն ընթանալու է մինչև դեկտեմբերի 4-ը: Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդաժողովում Հայաստանը ներկայացնում է ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը:

Լիագումար նիստից առաջ կայացած կարճատեւ զրույցի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը դեսպան Մկրտչյանին իր երախտագիտությունն է փոխանցել սեպտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ընդունելության եւ բովանդակալից քննարկումների համար:

Խորհրդաժողովում ծավալուն հաշվետու ելույթով հանդես է եկել գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: Նա ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առաջիկա օրակարգային խնդիրները, կարեւորել է ՔԶԱԿ հնարավոր դերակատարությունը քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների կանխարգելման հարցում: