Այսօր՝ դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Արսեն Աֆրիկյանը: Վերջինիս հրաժարականի բուն պատճառների մասին առայժմ չի հայտնվում, սակայն նրա ղեկավարած հիմնարկում վերջին օրերին լուրջ դեպքեր էին գրանցվել:

Արդարադատության նախարարությունը ծառայողական հետաքննություն էր սկսել «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված մի լուսանկարի կապակցությամբ: Լուսանկարում պատկերված էին Դրոյի գործով ցմահ ազատազրկված Արսեն Ամատունին, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Դերենիկ Բեջանյանն ու Էդիկ Գրիգորյանը՝ «Ազատամտություն» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի հետ: Օրենքով արգելվում է ցմահ ազատազրկվածների հետ խմբակային տեսակցությունը:

Իսկ նոյեմբերի 27-ին ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձինք` Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը: Նշենք, որ ՀՔԾ-ն արդեն մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երեք աշխատակիցների՝ պաշտոնեական անփութության համար: