Երեւանում, այսօր` 15 ոստիկանների շնորհվել են վկայականներ ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված համայնքային ոստիկանության վերաբերյալ ուսուցանողների վերապատրաստման ծրագրի ավարտելու կապակցությամբ:

Երեքշաբաթյա դասընթացի նպատակն էր խորացնել ոստիկանների համայնքային ոստիկանության հմտությունները:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին շնորհել են վկայականներ: Վկայական ստացողների կազմում էին ոստիկանության ուսումնական համալիրի հինգ դասավանդող եւ օպերատիվ ծառայության տասը սպաներ հրամանատարական պաշտոններում:

Ծրագիրն առաջին շաբաթների ընթացքում անդրադարձել է համայնքային ոտիկանության ընդհանուր հայեցակարգին, համայնքային եւ ավանդական ոստիկանության տարբերություններին եւ քաղաքացիներին ներգրավելու մեթոդաբանությանը: Մասնակիցները քննարկել են նաեւ Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման խոչընդոտները ոստիկանության եւ քաղաքացիների տեսանկյուններից, ինչպես նաեւ դրանք հաղթահարելու ուղիները: Վերջին շաբաթվա ընթացքում մասնակիցները հանդես են եկել սեփական զեկույցներով հանձնարարված թեմաների շուրջ` ներկայացնելու իրենց ձեռքբերած գիտելիքներն ու հմտությունները:

ԵԱՀԿ գրասենյակը տրամադրում է աջակցություն Հայաստանի ոստիկանությանը 2006 թ.-ից ի վեր` համայնքային ոստիկանության ներդրման ուղղությամբ: Այն մաս է կազմում ոստիկանության բարեփոխումների լայնածավալ ծրագրի, որի նպատակն է խթանել ժողովրդավարական ոստիկանության փորձը Հայաստանում: