Լոռիի մարզում մարտ ամսվա ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները կրկին գոհացուցիչ չեն: Այս տվյալը այսօր`ապրիլի 2-ին  կայացած մարզպետարանի վարչությունների պետերի աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ֆինանսական եւ սոցիալտնտեսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանը: Ինչպես նախորդ երկու ամիսներին, այնպես էլ մարտ ամսին ցուցանիշները հատկապես ցածր են հողի հարկի հավաքագրման ոլորտում, այն ըստ վարչության պետի կազմում է 75 տոկոս, վիճակը բավարար է գույքահարկի գծով:

Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի ներկայացմամբ` կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի եւ դիզելային վառելիքի տրամադրման գումարների հավաքագրումն  ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ հավաքագրվել է 197 մլն դրամ 1646 տոննա պարարտանյութի համար: Իսկ ահա քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացմամբ`  կառավարության երկրորդ հրատապ ծրագրի շրջանակներում նախատեսված շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են եւ կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը այս առիթով պահանջել է լուրջ ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին: Արթուր Նալբանդյանը վարչության պետերից պահանջել է իր արձակուրդում գտնվելու օրերին զբաղվել իրենց աշխատանքներով եւ այնպես անել, որ որեւէ բան չտուժի, կապված մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: