Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքն առանձնացրել է Հայաստանի առողջապահության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ դրանց լուծման ուղիներ: Այդ ամենն առաջարկությունների տեսքով գրավոր կհանձնվեն ընտրություններին մասնակցող կուսակցություններին, շահագրիգիռ կազմակերպություններին: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, նշվեց Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ: Նախեւառաջ, նրանք առանձնացրել են Հայաստանում առողջապահության ֆինանսավորման խնդիրը եւ նշել, որ դա բավարար չէ եւ թույլ չի տալիս հասնել սահմանված ռազմավարական նպատակներին: Նրանք առաջարկում են առողջապահության ոլորտի ֆինանսավորումն   ավելացնել լրացուցիչ հարկերի հաշվին, որոնք պետք է գանձվեն մի շարք ապրանքատեսակներից՝ բջջային կապ, ալկոհոլ ծխախոտ, անառողջ սնունդ՝ աղ, շաքար, ճարպեր պարունակող սննդատեսակներ: Մյուս խնդիրները վերաբերում են հանրային իրազեկմանը, բուժծառայությունների հասանելիությանը եւ կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ խնդիրը առկա է մարզերում:

Համաժողովին ներկա հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչները (ԲՀԿ-ից` Թամարա Պողոսյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Մովսես Արեստակեսյանը, ՀՀԿ-ից` Արա Բաբլոյանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, ՕԵԿ-ից` Արթուր Միսակյանը), եւս կարեւորեցին այդ խնդիրները, դրանց լուծման ուղիները եւ պատրասատկամություն հայտնեցին համագործակցելու դրանց շուրջ:

Նշենք, որ Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքը կոչված է միավորելու Հայաստանում գործող, մոր եւ մանկան առողջության հիմնախնդիրներով զբաղվող ահբ տեղական եւ միջազգային քաղաքացիական հասարակության կառույցներին, որոնք նպատակ ունեն նպաստել մոր եւ մանկան առողջության պահպանման եւ բարելավման իրագործմանը Հայաստանում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի