Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել եւ իր տեղը զիջել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն: Գագիկ Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, կուսակցությունում էլ նման խոսակցություններ չկան:

«Այդպիսի խոսակցություն, այդպիսի հավակնություններ չկան: Ես միայն լրատվամիջոցներից եմ լսում նման բաներ, ինձ ոչ ոք չի առաջարկել նման բան: Ես մինչեւ 2015թ հունիս ամիսը պաշտոնավարելու եմ»,- նշեց նա: Քաղաքապետն անձամբ ճանաչում է Հովիկ Աբրահամյանի որդուն, ասում է` «մարդը իր համար աշխատում է, իր աշխատանքն ունի»:

Նա շեշտեց, որ ՀՀԿ անդամ է, Գործադիր մարմնի անդամների հետ հաճախ հանդիպում է, այդպիսի խոսակցություններ չկան եւ համոզված է, որ չի էլ լինելու:

Հիշեցնենք, որ «Չի» տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ «Մեր տեղեկություններով՝ ի տարբերություն Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի, որի հրաժարականի դիմումը մերժվեց ՀՀԿ վերնախավի կողմից, Մուրադյանի հրաժարականի դիմումն ընդունվելու է։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղուց է ցանկանում իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին տեսնել Արտաշատի քաղաքապետի պաշտոնում եւ այդկերպ ավելի վերահսկելի դարձնել Արարատի մարզկենտրոնը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: