NEWS.am-ը ներկայացնում է  «Haaretz» թերթի նախկին մեկնաբան  Ակիվա Էլդարի` «Al-Monitor»-ում հրապարկված հոդվածը որոշակի կրճատումներով.

Չորեքշաբթի աշխարհը կնշի  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Ինչպես նախորդ տարիներին,  այս տարի եւս Իսրայելը լռություն է պահպանելու: Հրեական պետությունը, որը երկու շաբաթ առաջ հարգում էր Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը, ձեռնպահ է մնում Հայոց ցեղասպանության տարելիցը նշելուց: Նախագահ Շիմոն Պերեսը, ով Յադ վա Շեմում արարողության ժամանակ մատնացույց արեց «նրանց, ովքեր մոռանում եւ ժխտում են Հոլոքոստը»,  շարունակում է  անտեսել Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Երկրորդ համաշխարհայինի  մեկնարկից  քառորդ դար առաջ:

Գերմանիան այսօր պատասխանատվություն է ստանձնում Հոլոքոստի համար, հավերժացնում է  զոհերի հիշատակը եւ փոխհատուցում վերապրածներին: Թուրքիան ոչ միայն հրաժարվում է  ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլեւ նրա կառավարությունը տոտալ պայքար է մղում  այն երկրների դեմ, որոնք պաշտոնապես ճանաչում են  Հայոց ցեղասպանությունը:

«Ցեղասպանություն» եզրույթի հեղինակը հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինն էր, ում ընտանիքը նահատակվել էր Հոլոքոստի ժամանակ: Լեմկինը հայերի ոչնչնացման ակտը ցեղասպանություն էր որակել: Այդ դիրքորոշումը չի ընդունվել իսրայելական կառավարության կողմից: Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն ամփոփվեց 2001թ-ին` այն ժամանակվա արտգործնախարար Շիմեն Պերեսի`  թուրքական  «Daily News»-ին տված հարցազրույցում. «Հայերրը ողբերգություն են ապրել, բայց ոչ ցեղասպանություն»:

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախաշեմին ինչ-որ մեկը պետք է նախագահի ուշադրությունը հրավիրի «Նիլի» (հրեական լրտեսական ցանց, որը Առաջին համաշխարհային տարիներին գործել էր Պաղեստինում` բրիտանական բանակին օգնելու այն թուրքերի ձեռքից ազատելու համար) անդամների վկայություններին այն մասին, թե ինչ է կատարվել հայերի հետ: Նա կարող է պարզապես մտորել:

Ահա «Նիլի»-ի անդամ Էյթան Բելքինդի վկայությունը, ով ներթափանցել է թուրքական բանակ. «Ես ցնցված էի` տեսնելով արյունից կարմիր գույն ստացած գետն ու գլխատված երեխաների դիակները, որոնք  լողում էին ջրի վրայով: Տեսարանը սարսափելի էր, եւ մենք ի զորու չէինք օգնել»:

«Նիլի»-ի առաջնորդ Աարոն Արոնսոնը 1916թ-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ներկայացրած գրության մեջ նշել է. «Հայերի կոտորածը լավ ծրագրված թուրքական գործողություն է, եւ գերմանացիները այդ ամոթալի ակտի գործընկերներն էին»:

Այս կտրուկ խոսքերն աջակցություն ստացան այս տարվա  ապրիլի 11 –ին «Նակբան Իսրայելի ազգային հիշողության մեջ» թեմայով սեմինարի ժամանակ: Քննարկումների ժամանակ Բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Օրոնը  կտրուկ քննադատության ենթարկեց  մյուս ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ Իսրայելի քաղաքական եւ ակադեմիական էլիտայի անտարբեր քաղաքականությունը: Ավելի ուշ «Al-Monitor» -ի հետ հարցազրույցում Օրոնը նշեց, որ անտարբերության միջոցով «նրանք պղծում են Հոլոքոստի մասին հիշողությունը»:

Իսրայելի պատասխանտու անձանց կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը  քաղաքականության, Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների հարց է: Ում են մտահոգում փոքրիկ Հայաստանի հետ հարաբերությունները: Իրականում Իսրայելը վերջերս մի քանի միլիոն դոլար վաստակեց` օգուտ քաղելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի պատճառով Ֆրանսիայից զենքի գնման պայմանագիրը Թուրքիայի կողմից չեղյալ անելու որոշումից:

«Մավի Մարմարայի» միջադեպից հետո որոշ քաղաքական գործիչներ առաջարկեցին թուրքերին «պատժել» Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Իսկ ինչ արեցինք մենք: Վարչապետ Նեթանյահուն չեղյալ համարեց այդ նախաձեռնությունը`Թուրքիայից ներողություն խնդրելով: « Ինձ համար, որպես մարդու եւ հրեայի, ամոթալի է, որ նման գլխավոր սկզբունքի  եւ էթիկայի հարցը վերածվեց խաղաքարի»: