Գորի քաղաքում, որն ամենից շատն էր տուժել ռուսական ավիացիայի հարվածներից 2008թ. օգոստոսին, այսօր կայացել է զինվորական երդման արարողություն՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի մասնակցությամբ:

Իվանիշվիլին ելույթ է ունեցել եւ հայտարարել, թե 2008թ. օգոստոսին Ռուսաստանը ագրեսիա իրականացրեց, թեեւ Վրաստանն էլ պատասխանատվության իր բաժինն ունի դրա մեջ: Վարչապետի խոսքով, օգոստոսյան պատերազմը Վրաստանի ավերածություններ, զոհեր եւ տասնյակ հազարավոր տեղահանվածներ բերեց: Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանը ճիշտ եզրահանգումներ է արել այդ պատերազմից: 

«Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել եւ Վրաստանի օկուպացված տարածքներն անկախ պետություն է ճանաչել, ինչը մեծ հարված էր վրացական պետականության համար: Այդ իրադարձությունների զարգացման համար, ցավոք, Վրաստանի վրա եւս պատասխանատվության բեռ է նստած»,- ասել է Իվանիշվիլին՝ հույս հայտնելով, որ հետեւողական քաղաքականության շնորհիվ կհաջողվի լիարժեք հարաբերություններ հաստատել աբխազների եւ օսերի հետ: