Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանին հետազոտելու նպատակով քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերելու վերաբերյալ դիմումը փաստաբան Վահագն Մարտիրոսյանը երեկ ներկայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը դիմումը պետք է ներկայացնի վարչության պետին, վերջինս էլ պետք է թույլտվություն ստանա Արդարադատության նախարարությունից: «Դիմել ենք, որպեսզի թույլատրեն քաղաքացիական հիվանդանոցից մասնագետ բերել, նրան հետազոտեն, որպեսզի հասկանանք՝ բուժումը ի վիճակի են իրականցնել ՔԿՀ-ում, թե ոչ: Դրանից առաջ նույն խնդրով հարազատներն էին դիմել, բայց քանի որ նրա ժամանակավոր կալանքի ժամկետի ավարտին մի քանի օր էր մնացել, ես խնդրել էի ընթացք չտալ»,-ասաց փաստաբանը: Հուսով ենք, որ արդարադատության նախարարությունը ողջամիտ ժամկետում կպատասխանի, թե ինչ ընթացք ստացավ այս դիմումը:

Վահագն Մարտիրոսյանը շեշտեց, որ դեկտեմբերի սկզբին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որպեսզի փոխեն առաջին ատյանի որոշումը: 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանի կալանքը երկու ամսով երկարացնելու նիստին վերջինս չի մասնակցել, դիմում էր ներկայացրել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է դիմել ՔԿՀ-ին, որպեսզի իր պաշտպանյալը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին: Հայաստանում Անդրանիկ Սողոյանին հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր 30-օրյա ժամանակավոր կալանավորում, այնուհետեւ այն երկարացվել է եւս երկու ամսով: Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցել է Արդարադատության նախարարությանը: